Արևային էներգիա
From Wikipedia, the free encyclopedia
Արեգակնային Էներգիա (անգլ.՝ Solar energy), Արեգակից ճառագայթվող լույս ու ջերմություն, որն օգտագործվում է մի շարք անընդհատ զարգացող տեխնոլոգիաների կողմից, ինչպիսիք են՝ արևային ջեռուցումը, լուսագալվանիկան (ֆոտովոլտաիկա), արեգակնային ճարտարապետությունն ու արհեստական ֆոտոսինթեզը[1][2]։
Արեգակնային էներգիան վերականգնվող էներգիայի կարևոր աղբյուր է, իսկ դրա տեխնոլոգիաները լայնորեն բնութագրվում են որպես ակտիվ արևային կամ պասիվ արևային՝ կախված նրանից, թե ինչպես են դրանք վերցնում և տարածում արևային էներգիան կամ այն փոխարկում արևային հոսանքի։ Ակտիվ արևային տեխնոլոգիաներն էներգիան օգտագործելու համար կիրառում են լուսագալվանային համակարգեր, կենտրոնացված արեգակնային էներգիա ու արևային ջրատաքացուցիչներ։ Պասիվ արևային տեխնոլոգիաները ներառում են շինությունը դեպի արևը կառուցելը, համապատասխան ջերմային զանգված կամ լուսացիր հատկություններ ունեցող նյութերի ընտրությունը և բնական օդափոխություն ապահովող տարածքների նախագծումը։
Արեգակնային էներգիայի մեծ ծավալն այն դարձնում է էլեկտրաէներգիայի խիստ գրավիչ աղբյուր։ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրն իր 2000 թվականի Համաշխարհային էներգետիկ գնահատման մեջ նշել է, որ արեգակնային էներգիայի տարեկան ներուժը կազմում է 1,575–49,837 էքսաջոուլ (EJ)։ Այս թիվը մի քանի անգամ ավելի մեծ է, քան համաշխարհային էներգասպառման ընդհանուր ծավալը, որը 2012 թվականին կազմել է 559․8 էքսաջոուլ[3][4]։
2011 թվականին Էներգիայի միջազգային գործակալությունը նշել է, որ «մատչելի, անսպառ և մաքուր արևային էներգիայի տեխնոլոգիաների զարգացումը հսկայական երկարաժամկետ օգուտներ կունենա։ Այն կավելացնի երկրների էներգետիկ անվտանգությունը՝ ապավինելով բնածին, անսպառ և հիմնականում ներմուծումից անկախ ռեսուրսին, կբարձրացնի կայունությունը, կնվազեցնի աղտոտումը, կիջեցնի գլոբալ տաքացման մեղմացման ծախսերը և կպահի հանածո վառելիքի գները ավելի ցածր։ Այս առավելությունները համաշխարհային են։ Ուստի շուտափույթ կիրառության լրացուցիչ ծախսերը պետք է համարվեն ներդրումներ՝ ուսուցանելու համար. դրանք պետք է իմաստուն ծախսվեն և պետք է լայնորեն տարածվեն»[1]։