Գանձակի խանություն
From Wikipedia, the free encyclopedia
Գանձակի խանություն (պարս.՝ خانات گنجه - Khānāt-e Ganjeh), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր 1747-1804 թվականներին։ 1747 թվականին ձևավորվում է Գանձակի խանությունը Ղարաբաղի կուսակալության տարածքի մեծ մասի վրա։ 1804 թվականից խանության տարածքը մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ։
| |||
Կարգավիճակ | խանություն | ||
Մտնում է | Իրան | ||
Վարչկենտրոն | Գանձակ | ||
Խոշորագույն քաղաք | Գանձակ | ||
Հիմնական լեզու | Թուրքերեն, | ||
Ազգային կազմ | թուրքեր, հայեր, պարսիկներ | ||
Կրոնական կազմ | Շիա իսլամ Հայ Առաքելական եկեղեցի Սուննի իսլամ | ||
Տարածք | 5 000 | ||
Հիմնադրված է | 1747-1804 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Ուտիք | ||
Խանության տարածքը կազմել է շուրջ 5,000 քառ. կմ.՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Ուտիք հյուսիսային շրջաններները՝ Գարդմանա, Շակաշեն գավառները, մասամբ՝ Փառիսոսը[1]։ Դա Արևելյան Հայաստանի տարածքում ձևավորված ամենափոքր խանությունն էր։ Այժմ խանության ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը։
1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Գանձակի խանությունը Ղարաբաղի խանության մի քանի մանրումիջին մուսուլմանաբնակ խանությունների հետ միացվել է Ռուսական կայսրությանը։ Ավելի ուշ վերոհիշյալ երկու խանություններից ձևավորվել է մեկ վարչատարածքային միավոր՝ Ելիզավետպոլի նահանգը՝ Ելիզավետպոլ կենտրոնով։
Գանձակը հիմնադրվել է 859 թ.՝ Արմինիայի կուսակալ Մուհամմադ իբն Խալիդ իբն Յազիդի կողմից[2] նույն տեղում գտնվող Գանձակ գյուղի տեղում։ Նրա մասին պատմվում է նաև Մովսես Դասխուրանցու մոտ։ Քաղաքը Գանձակ է կոչվել, քանի որ այն հիմնադրելուց գանձարան է գտնվել։ Քաղաքի անունը այլ լեզուներով ունի նույն նշանակությունը։ Քաղաքը չի մտել հայկական որևէ իշանության կամ թագավորության մեջ, ոչ էլ գրավվել վրացիների կողմից։ Այն եղել է մուսուլմանական, հիմնականում՝ պարսկաբնակ քաղաք, ինչպես վկայում է Կիրակոս Գանձակեցին։ Սելջուկյան ամիրայությունների, ապա մուսուլմանական տարբեր իշխանությունների ժամանակ ամրացվել է քաղաքի բերդը, կառուցվել են մզկիթներ։ Քաղաքում հայերը կազմել են փոքրամասնություն։ Գանձակը հիմնվել էր հենց որպես մուսուլմանական քաղաք՝ շրջակա մուսուլմանական պետություններին օժանդակելու համար՝ հայկական ու վրացական պետությունների դեմ։
16-րդ դարի սկզբին Իրանում հաստատված Սեֆյան շահական արքայատոհմի (1501-1722 թթ.) օրոք պարսիկները նվաճում են Արևելյան Հայաստանը։ Հյուսիսային հատվածը բաժանվում է 4 կուսակալությունների[3] կամ բեկլարբեկությունների միջև՝ Երևանի, Ղարաբաղի կամ Գանձակի, Շամախիի և Թավրիզի[4][5]։ Այդ կուսակալությունների խնդիրն էր՝ կազմակերպել պարսկական իշխանության հաստատումը, ամրապնդել այն տեղաբնիկների շրջանում և պաշտպանել երկիրը արտաքին թշնամիների հարձակումներից։
Այսպիսով՝ Ղարաբաղի կուսակալության մայրաքաղաք-կենտրոն է դառնում Գանձակը՝ հիմնականում մուսուլմանաբնակ քաղաք, որի իշխանությանը պետք է հնազանդվեին Սյունիքի, Արցախի և Գարդմանա հայկական իշխանական տները։ Գանձակի խանին իրավունք էր վերապահված ոչ միայն լիակատար ազատ արտոնութոյւններ իր տարածքում, այլև հարևան վրացական թագավորությունների վրա հարձակվելու իրավունք։ Բացի այդ, նրանք մշտապես սատարում էին թուրքական սուլթանին և մեծապես օժանդակում նրան։ 1720-ական թթ. թուրքական արշավանքից հետո կուսակալությունները կազմալուծվում են և միավորվում Օսմանյան կայսրությանը, սակայն մի քանի տարի անց՝ հաջորդ տասնամյակում, Նադիր շահը ազատագրում և կրկին Իրանին է միացնում դրանք։ Շահի մահից հետո՝ 1747 թ., թյուրքական բազմաթիվ դինաստիաներ, օգտվելով Պարսկաստանում առաջացած խառնաշփոթ իրավիճակից, Օսմանյան կայսրության օգնությամբ իրենց խաներ են հռչակում։ Այդպիսով՝ Սեֆյան շահերի հիմնադրած չորս կուսակալությունների տարածքում[4] առաջանում են թվով քսաներկու խանություններ[3]։
Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև 1555 թ. կնքված Ամասիայի և 1639 թ. Ղասրե Շիրինի պայմանագրերով Հայաստանը բաժանվում է 2 մասի[5][6]։ Թուրքիային անցած մասում՝ Արևմտյան Հայաստանում, հայկական նման մանր իշխանությունների հետքեր են պահպանվում Զեյթունում, Սասունում, Շատախում, Մոկսում և այլուր[6]։ Պարսկաստանին անցած մասում՝ Արևելյան Հայաստանում, նման ինքնավար իշխանություններ պահպանվել էին Սյունիքում և Արցախում[3]։ 1307 թ. Հեթում պատմիչը գրել է. «երբ թաթարմոնղոլները ՙկալան զմեծն Ասիա ողջոյն, բաց ի թագաւորութենէն Ափխազաց` որ ի Վիրս, և բաց ի գաւառէ անտի թագաւորութեան Հայոց, որ ռամկօրէն կոչի Հալօյէն (Արցախ)։ Այս երկու նահանգք զդէմ կալան Սարակինոսաց, և ոչ կամեցան բնաւ հպատակիլ նոցա»։
Այդ կիսանկախ իշխանություններից առավել հզորը Արցախի մելիքություններն էին, որոնց ինքնիշխան տիրակալները՝ մելիքները, մի քանի դար շարունակ հայոց ազատագրական պայքարի դրոշակակիրներն էին։ Պարսկերեն տառադարձությամբ մելիք, արաբերեն՝ մալիք բառը նշանակում է իշխող, տիրակալ, թագավոր[7]։ Միջնադարում այսպես են կոչվել Առաջավոր Ասիայի մուսուլմանական երկրների տիրակալները, իսկ ուշ միջնադարում՝ Արևելյան Հայաստանում իրանական տիրապետության շրջանում, մելիքներ էին կոչվում բնիկ ազնվականության մնացորդներից բարձրացած և իրենց տիրույթներում վարչական արտոնություն ունեցող ֆեոդալները[6]։ Սյունիքում և Արցախում ներքին կառավարման հարցերում, այսինքն՝ հարկահավաքման, դատավարության և այլն, ունեին գործելու լիակատար ինքնուրույնություն[7]։ Նրանք ունեին նաև զորք պահելու իրավունք[5]։
Արցախի մելիքությունները մեծապես տուժում էին հյուսիսում գտնվող Գանձակի խանությունից, որը մշտապես արշավում էր հայերի վրա։ Դա հանգեցնում էր նրան, որ հայ մելիքները համագործակցում էին վրաց թագավորների հետ։ Վերջիններս հարձակվում էին խանության վրա։