Գործողություն «Նեպտունի եռաժանի»
From Wikipedia, the free encyclopedia
Գործողություն «Նեպտունի եռաժանի» (անգլ.՝ Operation Neptune Spear), հակաահաբեկչական գործողություն, որի նպատակը Ուսամա բեն Լադենի ոչնչացումն էր։ Ուսամա բեն Լադենը իսլամական «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդն էր և սպանվել է Պակիստանում 2011 թվականի մայիսի 2-ին, տեղական ժամանակով գիշերվա ժամը 2-ին[2][3], ԱՄՆ հատուկ ջոկատայինների կողմից։ «Նեպտունի եռաժանի» պայմանական անվանումով գործողությունը հաստատվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից[Ն 1] և իրակացվել DEVGRU հատուկ ջոկատի զինծառայողների կողմից (հայտնի որպես SEAL Team Six), որը մտնում է «Արագ ծավալման հատուկ ծովային ջոկատ»-ի (SEAL) մեջ և գտնվում է Հատուկ գործողությունների միավորված հրամանատարության իրավասության տակ՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ համագործակցությամբ[5][6]։ Աբոթաբադում (Պակիստան) գտնվող բեն Լադենի տան վրա հարձակման համար խումբ է ուղարկվել Աֆղանստանից[7]։ Գործողության ավարտից հետո ամերիկյան զինծառայողները բեն Լադենի մարմինը նույնականացման համար տեղափոխել են Աֆղանստան, իսկ այնուհետև՝ նույն օրը, այն թաղել ծովի մեջ[8]։
Գործողություն «Նեպտունի եռաժանի» Operation Neptune Spear | |
---|---|
Ուսամա բեն Լադենի թաքստոցը Աբոթաբադում | |
Տեսակ | քաղաքական սպանություն, Օպերացիա և իրադարձություն |
Երկիր | ԱՄՆ |
Գրոհի վայր | Աբոթաբադ, Պակիստան |
Տեղադրանք | Osama bin Laden's compound in Abbottabad? |
Գրոհի նպատակ | Ուսամա բեն Լադեն |
Տարեթիվ | մայիսի 2, 2011[1] |
Զոհվածներ | 5 (Ուսամա բեն Լադեն, Հալիդ բեն Լադեն, Աբու Ահմեդ ալ-Քուվեյթի, Աբրար (Աբու Ահմեդ ալ-Քուվեյթիի եղբայրը), Բուշրա (Աբրարի կինը)) |
Ահաբեկիչների քանակ | 24 |
Կազմակերպիչներ | ԿՀՎ, Հատուկ գործողությունների բաժին Արագ ծավալման հատուկ ծովային ջոկատ (SEAL) Հատուկ օդային ջոկատ VMAQ-4 |
Death of Osama bin Laden Վիքիպահեստում |
«Ալ Քաիդա»-ն Ուսամա բեն Լադենի մահը հաստատել է մայիսի 6-ին, խոստանալով վրեժ լուծել սպանության համար[9]։ Գործողության արդյունքները դրական են ընդունվել ԱՄՆ հասարակական կարծիքի կողմից[10][11], հավանության են արժանացել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ), Եվրոպական միության (ԵՄ) և մեծաքանակ երկրների կառավարությունների կողմից[12], սակայն քննադատվել է Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյի[13] և Գազայի հատվածում պաղեստինական «Համաս» խմբավորման առաջնորդի կողմից[14][Ն 2]։ «Միջազգային ամնիստիա» (անգլ.՝ Amnesty International) ոչ կառավարական միջազգային կազմակերպությունը քննադատել է սպանության մի շարք իրավական և էթիկական տեսանկյունները, ինչպես այն, թե ինչու բեն Լադենին գերի չեն վերցրել, չնայած նրա անզեն լինելուն[16]։