Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Խաղաղության Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobels fredspris), հեղինակավոր մրցանակ, որն ամեն տարի Նոբելյան հիմնադրամի կողմից հանձնվում է խաղաղության ամրապնդման բնագավառում ձեռքբերումների համար։ Ալֆրեդ Նոբելի կողմից իր կտակով հաստատված հինգ Նոբելյան մրցանակներից մեկը, որը գրվել է 1895 թվականի նոյեմբերի 27-ին՝ Փարիզում[1][2][3]։
Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է ամեն տարի սկսած 1901 թվականից։ ԱԱյս ընթացքում 97 մրցանակ է հանձնվել։ Ընդ որում, 19 անգամ պարգևատրում չի կատարվել. 1914-1916, 1918, 1923, 1924, 1928, 1932, 1939-1943, 1948, 1955-1956, 1966-1967 և 1972 թվականներին։ Նման բան նախատեսված է Նոբելյան հիմնադրամի կանոնադրությամբ այն դեպքում, եթե հավակնորդների ոչ մի գործունեություն բավականաչափ նշանակալի չէ[3]։ 1901 թվականին Խաղաղության մրցանակի առաջին դափնեկիրներ են դարձել շվեյցարացի Ժան Անրի Դյունանը և ֆրանսիացի Ֆրեդերիկ Պասին։ 2016 թվականին մրցանակի դափնեկիր Է դարձել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը։ 97 մրցանակներից 66 անգամ մրցանակն ամբողջությամբ հանձնվել է մեկ դափնեկրի, 29 անգամ խաղաղության մրցանակը բաժանվել է երկու դափնեկիրների միջև, 2 անգամ մրցանակը կիսել են միանգամից երեք դափնեկիրներ։ Նոբելյան հիմնադրամի կանոնադրության մեջ ասվում է, որ խաղաղության մրցանակը «ոչ մի դեպքում չի կարող բաժանվել ավելի քան երեք դափնեկիրների միջև»[3]։
1901 թվականից Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է 130 դափնեկիրների, որոնց թվում եղել են 26 կազմակերպություններ։ Միաժամանակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մրցանակ է ստացել երեք անգամ, իսկ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը՝ երկու անգամ։ 2016 թվականին մրցանակի արժանացած 104 անձանց թվում եղել է 16 կին։ 1905 թվականին առաջին կին դափնեկիր Է դարձել Բերտա ֆոն Զուտները։ Դափնեկիրների միջին տարիքը 1901 թվականից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում կազմում է 61 տարեկան։ 2016 թվականին ամենաերիտասարդ դափնեկիրը պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայն է, որը պարգևատրման պահին՝ 2014 թվականին 17 տարեկան էր, իսկ ամենատարեցը բրիտանացի Ջոզեֆ Ռոտբլատն է, որը պարգևատրվել է 1995 թվականին՝ 87 տարեկան հասակում[3]։ Մեկ անգամ խաղաղության մրցանակը շնորհվել է հետմահու՝ Դագ Համարշոլդին 1961 թվականին։ 1974 թվականից ի վեր Նոբելյան հիմնադրամի կանոնադրությունը սահմանում է, որ մրցանակը չի կարող հետմահու պարգևատրվել, եթե մահը տեղի չի ունեցել Նոբելյան մրցանակի հայտարարությունից հետո[3]։