Կոլիզեում
From Wikipedia, the free encyclopedia
Կոլիզեում (լատ.՝ Colosseum կամ Coliseum), հայտնի է նաև որպես Փլավիոսների ամֆիթատրոն (լատ.՝ Amphitheatrum Flavium, իտալերեն.՝ Anfiteatro Flavio կամ Colosseo), Իտալիայում՝ Հռոմ քաղաքի կենտրոնում գտնվող օվալաձև ամֆիթատրոն։ Կառուցված լինելով տրավերտինով, հրաբխային տուֆով և բետոնե աղյուսներով[1]՝ այն երբևէ կառուցված ամենամեծ ամֆիթատրոնն է։ Կոլիզեումը գտնվում է Հռոմի Ֆորումի արևելքում։ Կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը մ.թ. 72 թվականին[2], ավարտել է իր իրավահաջորդ ու ժառանգ Տիտոսը[3]՝ 80 թվականին։ Հետագա ձևափոխությունները կատարվել են Դոմիցիանոս կայսեր օրոք (81–96 թթ.)[4]: Այս երեք կայսրերը հայտնի են որպես Փլավիոսների դինաստիա, ամֆիթատրոնը լատիներեն անվանվել է նրանց ազգանունով՝ Փլավիոս (Flavius)։
Կոլիզեում Anfiteatro Flavio, Colosseo | |
---|---|
Կոլիզեում. 2007 թվականի ապրիլ | |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Հռոմ |
Շինության տեսակ | Ամֆիթատրոն |
Հիմնադիր | Վեսպասիանոս |
Հիմնադրման թվական | 72 թվական |
Շինարարության սկիզբ | 72 |
Շինարարության վերջ | 80 |
Վիճակ | Վերականգնվող |
🌐 | colosseo.it/area/colosseo/(իտալ.) և colosseo.it/en/area/the-colosseum/(անգլ.) |
Համարվում է, որ Կոլիզեումը կարող է տեղավորել մոտավորապես 50,000 - 80,000 հանդիսատես[5][6], միջինում ունեցել է մոտ 65,000 հանդիսատես[7][8]։ Այն օգտագործվել է գլադիատորական մրցույթների, հանրային ներկայացումների, ինչպես օրինակ՝ նավմախիայի, (միայն շատ կարճ ժամանակահատվածում, քանի որ նկուղային հարկը լցվեց այլ զբաղմունքների համար նախատեսված մեխանիզմներով) կենդանիների որսերի, մահապատիժների, հայտնի մարտերի կրկնությունների և հռոմեական դիցաբանության վրա հիմնված դրամաների համար։ Վաղ միջնադարում կառույցը դադարեցին օգտագործել զվարճանքների համար։ Հետագայում այն օգտագործվեց այլ նպատակների՝ բնակեցման, արհեստանոցների համար, որպես հոգևորականների թաղամաս, ամրոց, քարհանք և քրիստոնեական սրբավայր։
Չնայած երկրաշարժերի պատճառով մասամբ ավերված լինելուն, Կոլիզեումը մինչ օրս Հռոմեական կայսրության պատմական խորհրդանիշներից է և համարվում է Աշխարհի նոր յոթ հրաշալիքներից[9] մեկը։ Այն հռոմեական ամենահայտնի տեսարժան վայրերից է ու կապված է Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու հետ, քանի որ ամեն Ավագ Ուրբաթ Հռոմի Պապը «Խաչի ճանապարհը» անվամբ մոմավառության երթ է գլխավորում, որը սկսվում է Կոլիզեումի շրջակա տարածքից[10]։
Կոլիզեումը պատկերված է հինգ ցենտ արժողությամբ եվրոյի մետաղադրամի իտալական տարբերակի վրա։