Նիկոլա Տեսլա
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլա Տեսլա (սերբ.՝ Никола Тесла, հուլիսի 10, 1856(1856-07-10)[2][1][3][…], Սմիլյան, Խորվաթիա, Ավստրիական կայսրություն[4][1] - հունվարի 7, 1943(1943-01-07)[4][2][5][…], Hell's Kitchen, Նյու Յորք), ազգությամբ սերբ ամերիկացի ճարտարագետ, ֆիզիկոս, ինչպես նաև գյուտարար՝ էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի բնագավառում[10][11][12]։ Առավել հայտնի է փոփոխական հոսանքի ժամանակակից էլեկտրամատակարարման համակարգում ունեցած իր ներդրումով[13]։
Ծնվել և մեծացել է Ավստրո-Հունգարիայում, ապրել և աշխատել է հիմնականում Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ Տեսլան 1870-ական թվականներին բարձրագույն կրթություն է ստացել տեխնիկայի ու ֆիզիկայի բնագավառում, 1880-ական թվականներին աշխատել է հեռահաղորդագրության ու էլեկտրաարդյունաբերության ոլորտում` Continental Edison ընկերությունում։ 1884 թվականին արտագաղթել է ԱՄՆ, 1891 թվականին ստացել է ամերիկյան քաղաքացիություն։ Որոշ ժամանակ նա աշխատել է Էդիսոնի մոտ (Edison Machine Works ընկերություն) Նյու Յորքում, մինչև հիմնադրել է իր սեփական ընկերությունը։ Գործընկերների ֆինանսավորման և իր գաղափարները զարգացնելու շնորհիվ` Տեսլան հիմնել է լաբորատորիա Նյու Յորքում էլեկտրական ու մեխանիկական մի շարք սարքերի ստեղծման նպատակով։ Փոփոխական հոսանքով աշխատող նրա ստեղծած շարժիչը, որն արտոնագիր է ստացել 1888 թվականին Westinghouse Electric ընկերության կողմից, մեծ շահույթ է ապահովել` դառնալով բազմաֆազ համակարգի անկյունաքարը, որն էլ վերջնական արդյունքում վաճառել է այդ ընկերությունը։
Փորձելով զարգացնել գյուտերը, որոնք նա արտոնագրել ու վաճառել է` Տեսլան մի շարք փորձեր է կատարել մեխանիկական գեներատորներով, էլեկտրական լիցքավորված խողովակներով և վաղ շրջանի ռենտգենյան պատկերներով։ Նա նաև կառուցել է նավակ` անլար կառավարմամբ, որ պատմության մեջ առաջիններից էր։ Տեսլան հայտնի է եղել որպես գյուտարար․ իր լաբորատորիայում ցուցադրել է իր ձեռքբերումները նշանավոր մարդկանց ու հարուստ հովանավորների, աչքի է ընկել նաև հասարակական դասախոսությունների իր վարպետությամբ։
1890-ական թվականների ընթացքում Տեսլան զբաղվել է անլար լուսավորման գաղափարներով և էլեկտրաէներգիայի անլար բաշխմամբ` բարձրավոլտ և բարձր հաճախականության փորձարկումներ կատարելով Նյու Յորքում և Կոլորադո Սփրինգսում։ 1893 թվականին հայտարարել է իր սարքավորումներով անլար էլեկտրահաղորդման հնարավորությունը։ Փորձել է այս գաղափարները կիրառել գործնականում իր անավարտ Wardenclyffe Tower նախագծով, որը միջմայրցամաքային անլար կապ պիտի ապահովեր, սակայն բավարար ֆինանսավորում չի ունեցել իր մտադրություններն ավարտին հասցնելու համար[14]։
Wardenclyffe ծրագրից հետո Տեսլան 1910-1920-ական թվականներին շարունակել է մշակել մի շարք գյուտեր` տարբեր ձեռքբերումներ ունենալով։ Իր գումարի մեծ մասը ծախսելով` նա ապրել է Նյու Յորքի տարբեր հյուրանոցներում` թողնելով չվճարված հաշիվներ։ Նրա վաղ շրջանի աշխատանքների բնույթը և ասույթները, որոնք թողել է մամուլում տված իր հարցազրույցներում, ամերիկյան ժողովրդական մշակույթում նրան «անմիտ գիտնականի» համբավ են ապահովել[15]։
Տեսլան մահացել է 1943 թվականի հունվարին Նյու Յորքում[16]։ Նրա գործը մահից հետո հարաբերական մոռացության է մատնվել, սակայն 1960 թվականին չափման միավորներին նվիրված միջազգային համագումարում մագնիսական հոսանքի խտության չափման միավորն ի պատիվ նրա անվանվել է տեսլա[17]։ 1990-ական թվականներին աճել է Տեսլայի հանրաճանաչությունը։