Պսակային զարկերակային հիվանդություն
From Wikipedia, the free encyclopedia
Պսակային զարկերակային հիվանդություն (Պսակաձև անոթների հիվանդություն), հայտնի է որպես սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ) անվամբ[1], իր մեջ ընդգրկում է մի խումբ հիվանդություններ, որոնք են կայուն ստենոկարդիան (կրծքահեղձուկ), անկայուն ստենոկարդիան, սրտամկանի ինֆարկտը և հանկարծակի սրտային մահը[2]։ Այս հիվանդությունները պատկանում են սրտանոթային հիվանդությունների խմբին[3]։ Հիմնական ախտանիշներն են ցավը կամ ծանրության և ճնշվածության զգացողությունը կրծքավանդակում, որը ճայագայթում է ուսեր, ձեռքեր, պարանոց կամ ծնոտ[4]։ Երբեմն դա կարող է նմանվել այրոցի զգացողության։ Սովորաբար ախտանիշները առաջանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ էմոցիոնալ սթրեսի ժամանակ, տևում մի քանի րոպե, անցնում հանգստի ժամանակ[4]։ Մյուս ախտանիշներից է շնչարգելությունը, որը կարող է ուղեկցել կամ երբեմն լինել միակ ախտանիշ[4]։ Երբեմն, հիվանդության առաջին նշանը սրտամկանի կաթվածն է (սրտամկանի ինֆարկտ)[5]։ Մյուս բարդություններն են սրտային անբավարարությունը և առիթմիաները[5]։
Պսակային զարկերակային հիվանդություն | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | աթերոսկլերոզ |
Հետևանք | սրտամկանի ինֆարկտ և Կրծքային հեղձուկ |
Վնասում է | պսակաձև զարկերակ |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն և pediatric cardiac surgery? |
Coronary artery disease Վիքիպահեստում |
Ռիսկի գործոններն են զարկերակային հիպերտենզիան, ծխելը, շաքարային դիաբետը, նստակյաց կյանքը, գիրությունը, հիպերխոլեստերինեմիան, սխալ սննդակարգը, դեպրեսիաները և ալոհոլի չարաշահումը[6][7][8]։ Հիմքում ընկած հիմնական մեխանիզմը կորոնար անոթներով արյան, այսպիսով նաև թթվածնի մատակարարման խանգարումն է դեպի սրտամկան, պայմանավորված սրտի կորոնար անոթների աթերոսկլերոզով[6]։ Կան մի շարք տեստեր, որոնք կարող են օգնել ախտորոշել ՍԻՀ-ը, դրանց թվում են․ էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ), սրտի սթրես տեստը, համակարգչային շերտագրությամբ կորոնար անգիոգրաֆիան, կորոնարոգրաֆիան և այլն[9]։
Առողջ սննդակարգը, կանոնավոր ֆիզիկական վարժությունները, նորմալ քաշի պահպանումը և չծխելը իջեցնում են ՍԻՀ-ի ռիսկը[10]։ Համապատասխան դեպքերում օգտագործվում են դեղորայքներ շաքարային դիաբետի, հիպերխոլեստերինեմիայի կամ զարկերակային հիպերտենզաիայի դեմ[10]։ Փաստերը այն մասին, որ ցածր ռիսկով մարդիկ չունեն սիմպտոմներ սահմանափակ են[11]։ Բուժման մեջ ներառված միջոցառումներից է նաև կանխարգելումը[12][13]։ Դեղորայքները ինչպիսիք են հակաագրեգանտները (այդ թվում ասպիրինը), բետա բլոկերները, կամ նիտրոգլիցերինը ևս կարող են խորհուրդ տրվել[12]։ Ծանր դեպքերում կատարվում են ինվազիվ միջամտություններ․ միջմաշկային ներանոթային միջամտություն և աորտոկորոնար շունտավորում (ԱԿՇ)[12][14]։ Հիմնական դեղանիջոցներին որպես լրացում միջմաշկային ներանոթային միջամտության և աորտոկորոնար շունտավորման դերը կայուն կրծքահեղձուկի դեպքում ակնկալվող կյանքի տևողության և սրտամկանի ինֆարկտի ռիսկի իջեցման մեջ հստակ չէ[15]։
2015 թվականի տվյալներով ՍԻՀ-ով հիվանդ է 110 միլիոն մարդ, իսկ 8,9 միլիոն մարդկանց դեպքում այն հանգեցրել է մահվան[16][17]։ Դա կազմում է ամբողջ մահերի 15,9%-ը և հանդիսանում է աշխարհում մահացության հիմնական պատճառ[17]։ Պսակաձև անոթների հիվանդությունից մահվան ռիսկը որոշակի տարիքային խմբերում նվազել է 1980-2010 թվականներն ընկած ժամանակահատվածում, մասնավորապես զարգացած երկրներում[18]։ Պսակաձև անոթների հիվանդությունից մահվան դեպքերը որոշակի տարիքային խմբերում ևս նվազել են 1990-2010 թվականներն ընկած ժամանակահատվածում[19]։ 2010 թվականին ԱՄՆ-ում 65 տարեկանից բարձր տարիքային խմբում մոտավորապես 20%-ն ունեցել են պսակաձև անոթների հիվանդություն, մինչդեռ 45-64 տարեկանում այն առկա է 7% և 1,3% 18-45 տարեկան տարիքային խմբերում[20]։ Նշված տարիքային խմբերում տղամարդկանց տոկոսային մասնաբաժինն ավելի շատ է քան կանանցը[20]։