Սկյուտարի ճեմարան
From Wikipedia, the free encyclopedia
Սկյուտարի ճեմարան, հայ աշխարհիկ առաջին ճեմարանը։ Հիմնադրվել է 1838 թվականին, Կ․ Պոլսի Սկյուտար թաղամասում։ 19-րդ դարի 30-40-ական թվականներին լայն ծավալ էր ստացել կրթալուսավորական շարժումը, ուր ազգային նախակրթարաններն այլևս չէին կարողանում բավարարել կրթական գործի աճող պահանջները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միաժամանակ խորանում էին աշխատավորական, ամիրայական և կղերապահպանողական խավերի հակասությունները, սրվում էր պայքարը կաթոլիկության ու միսիոներության դեմ։ Նման պայմաններում խիստ անհրաժեշտություն էր դարձել արևմտահայ մշակույթի կենտրոնում ազգային կադրեր պատրաստող բարձր մակարդակի կրթական հաստատություն ունենալը։
1836 թվականին այդ հարցը քննության է առնվել Կ․ Պոլսի պատրիարքարանում և որոշվել Երուսաղեմի միաբանությանը պատկանող վանքը վերակառուցել և այդ շենքում բացել ազգային ճեմարան։ Այդ նպատակի համար կազմակերպվել է հանգանակություն, ֆինանսական միջոցներ է տրամադրել Երուսաղեմի միաբանությունը։
Կ․ Պոլսի արքունի ճարտարապետներ Հ․ Մերվերյանը, Կ․ Պալյանը ստանձնել են շենքի նախագծման ու կառուցման գործը։ Ազգային ճեմարանի (գիշերօթիկ) բացումը տեղի է ունեցել 1838 թվականի դեկտեմբերի 9-ին։ Ընդունվել է 50 աշակերտ (10-ը՝ անվճար), տնօրեն է նշանակվել Հ․ Մանվելյանը։ Ճեմարանն ունեցել է ներքին կանոնադրություն։ Դասավանդվել են հայերեն, ֆրանսերեն, տաճկերեն քերականություն, աշխարհագրություն, պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, գեղեցկագիտություն, կրկնատոմար, նկարչություն, գծագրություն, քաղաքավարության կանոններ, հետագայում ավելացել են հողագիտություն, բնագիտություն, ֆիզիկա, քիմիա, արհեստներ։ Ճեմարանի բացումը խանդավառությամբ ընդունեցին դեմոկրատական խավերը, սակայն նրա աշխարհիկ բնույթը դուր չէր գալիս ամիրաներին ու կղերապահպանողական խավի ներկայացուցիչներին։ Այդ հողի վրա տեղի ունեցող բախումները սուր բնույթ են ստացել։ Շուտով ամիրաները ոչ միայն հրաժարվել են ճեմարանին նյութական օգնության խոստումից, այլև դիմել են իրենց բարեկամներին ու համակրողներին՝ երեխաներին ճեմարանից դուրս բերելու պահանջով։ Ուսումնական հաստատությունը դադարեցրել է գործունեությունը։