Վանդալությունը Վիքիպեդիայում
From Wikipedia, the free encyclopedia
Վանդալությունը Վիքիպեդիայում, Վիքիպեդիայի էջերի կամ Վիքիմեդիա հիմնադրամի այլ նախագծերի բովանդակության դիտավորյալ վնասակար խմբագրում։ Որպես կանոն, այն իրականացվում է հանրագիտարանի հուսալիությունն ու հեղինակությունը վարկաբեկելու նպատակով։ Վանդալությունը ներառում է տեղեկատվության ցանկացած ավելացում, ջնջում կամ փոփոխություն, որը դիտավորյալ հումորային, անիմաստ, խաբուսիկ, վիրավորական կամ զրպարտչական բնույթ ունի։
Տեխնիկապես Վիքիպեդիայի բովանդակության վանդալությունը բավականին հեշտ է, քանի որ հոդվածների խմբագրումը հասանելի է ցանկացած օգտատիրոջ համար[1][2]։ Այնուամենայնիվ, կան ՄեդիաՎիքի շարժիչի հնարավորություններով ապահովված գործիքներ, որոնք օգնում են Վիքիպեդիայի մասնակիցներին պայքարել վանդալության դեմ։ Այսպիսով, Վիքիպեդիայի ադմինիստրատորները հնարավորություն ունեն պաշտպանել էջերը օգտատերերի որոշակի խմբերի խմբագրումից, օրինակ՝ անանուն մասնակիցներից։ Ադմինիստրատորներին և Վիքիպեդիայի մասնակիցներին վանդալությունից պաշտպանվելու հարցում օգնում են նաև բոտերը, որոնք ունակ են վանդալության հետևանքներն ավելի արագ հայտնաբերել և հեռացնել, քան դա անում է ցանկացած մարդ խմբագիր[3]։