Ավատատիրություն
From Wikipedia, the free encyclopedia
Ավատատիրություն կամ ֆեոդալիզմ (գերմ.՝ Feudalismus, ֆր.՝ feodalite, ուշ լատիներեն, feodum, feudum ֆեոդ), համաշխարհային պատմության զարգացման մեջ ստրկատիրական հասարակարգին (մի շարք երկրներում՝ նախնադարյան համայնական հասարակարգին) հաջորդող և կապիտալիզմին նախորդող դասակարգային հակամարտ հասարակարգ։ Երբեմն կոչվում էր նաև ճորտատիրական հասարակարգ, կամ ճորտատիրություն՝ այնտեղ գոյություն ունեցած ճորտատիրական իրավունքի, այսինքն՝ ճորտի նկատմամբ ճորտատիրոջ բացահայտ անմարդկային իշխանության անունով։
Ֆեոդալական հասարակարգի հիմնական դասակարգերն են՝ իշխող ֆեոդալ, հողատերերը և կախյալ գյուղացիները։ Ֆեոդալական սեփականության կողքին գոյություն է ունեցել գյուղացիների ու արհեստավորների միանձնյա սեփականություն՝ աշխատանքի գործիքների և անձնական աշխատանքի վրա հիմնված մասնավոր տնտեսության արդյունքների նկատմամբ։ Դա առաջ է բերել անմիջական արտադրողի որոշ շահագրգռվածություն աշխատանքի արտադրողականության բարձրացման մեջ, որը պայմանավորել է ֆեոդալիզմի առաջադիմական բնույթը նախորդ հասարակարգերի համեմատությամբ։ Ֆեոդալիզմին բնորոշ է ագրայրային էկոնոմիկան, բնատնտեսությունը, մանր անհատական արտադրությունը, ագրոտեխնիկայի դանդաղ զարգացումը և ավանդույթի մեծ ուժը։ Միջին դարերի բովանդակությունը կազմող ֆեոդալիզմը որպես համաշխարհային պատմության դարաշրջան, ընդգրկում է V դարից վերջից մինչև XVII դարի կեսը։ Չնայած աշխարհի մեծ մասում ֆեոդալական հարաբերությունները ոչ միայն պահպանվել, այլև շարունակել են տիրապետել նաև հաջորդ դարաշրջանում, վերջինիս բովանդակությունն արդեն հարաճուն կերպով որոշվել է ամրապնդվող կապիտալիստական հարաբերություններով։ Ֆեոդալիզմը անցել է զարգացման տարբեր փուլեր՝ ծննդի (գենեզիսի), զարգացած ֆեոդալիզմի և ուշ ֆեոդալիզմի, որոնց ժամանակագրության շրջանակները աշխարհի զանազան շրջանների և երկրների համար տարբեր են։