Առևտրի համաշխարհային կենտրոն 1
From Wikipedia, the free encyclopedia
Առևտրի համաշխարհային կենտրոն 1 (1 World Trade Center), առավել հայտնի է որպես Ազատության աշտարակ, գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում։ Այն հանդիսանում է Նյու-Յորքի ամենաբարձր կառույցը՝ գերազանցելով Էմփայր Սթեյթ Բիլդինգին, ինչպես նաև արևմտյան կիսագնդի ամենաբարձր և ամբողջ աշխարհում բարձրությամբ չորրորդ երկնաքերը։ Կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2006 թվականի ապրիլի 27-ին և ավարտվել են 2013 թվականի մայիսի 10-ին. 541 մետր բարձրությամբ շենքը դարձավ ԱՄՆ-ի ամենաբարձր կառույցը[6]։ Բացումը տեղի է ունեցել 2014 թվականին։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 242 000 քառակուսի մետր, իսկ բարձրությունը՝ 541 մետր։ Շինության բարձրությունը (1776 ֆուտ) ունի սիմվոլիկ նշանակություն. 1776 թվականին ընդունվեց Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը։ Շինության արժեքը գնահատվում է 3.9 միլիարդ ամերիկյան դոլար։
Ազատության աշտարակի կառուցման գաղափարը ծագել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, որի ժամանակ ավերվեցին Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակները։ Երկնաքերը ներկայումս գտնվում է հենց այդ աշտարակների տեղում։ Նրա հետ միասին կառուցվել է հուշահամալիր՝ նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին։ Հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել 2011 թվականին նախագահներ Բարաք Օբամայի և Ջորջ Բուշ կրտսերի (ում նախագահության օրոք տեղի էր ունեցել ահաբեկչությունը) ներկայությամբ։
Ազատության աշտարակի կառուցման համար օգտագործվել է երկաթբետոն, պողպատ և ապակի։ Այն ունի 104 վերգետնյա և 5 ստորգետնյա հարկ։ Չնայած կառուցման աշխատանքները սկսվել էին 2006 թվականի ապրիլի 27-ին, երկնաքերը 0 մ բարձրությունը հաղթահարել է 2008 թվականի մայիսի 17-ին։