Արխաիկ Հունաստան
From Wikipedia, the free encyclopedia
Հունաստանն Արխաիկ դարաշրջանում կամ Արխաիկ Հունաստան (հին հունարեն՝ Αρχαϊκή εποχή, մ.թ.ա.750-480), պատմաբանների կողմից ընդունված եզր, որով անվանվում է Հին Հունաստանի պատմության՝ մ.թ.ա. 8-րդ դարից մինչև մ.թ.ա. 5-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածը։
Եզրն առաջացել է այդ դարաշրջանի հունական արվեստի ուսումնասիրությունների արդյունքում։ Այն համարվում է միջանկյալ ժամանակաշրջան Հին Հունաստանի արվեստի երկրաչափական և դասական դարաշրջանների միջև։
Ավելի ուշ «Արխաիկ ժամանակաշրջան» եզրն սկսեց վերաբերել ոչ միայն մ.թ.ա. 8-րդ դարի հին հունական արվեստին, այլ նաև Հունաստանի ներքին քաղաքական կյանքին։ Պատճառն այն էր, որ Արխաիկ ժամանակաշրջանը հաջորդեց «մութ տարիներին» և նշանավորվեց դեմոկրատիայի ծաղկումով, ինչպես նաև իմաստասիրության, թատրոնի, պոեզիայի և այլ բնագավառների առաջընթացով, գրավոր լեզվի վերածննդով (ստեղծվում է հունական այբուբենը մութ տարիներին մոռացված գծային գիր Բ-ի փոխարեն)։