Արքիմեդես
From Wikipedia, the free encyclopedia
Արքիմեդես (հայերենում ընդունված է նաև անվան Արքիմեդ ձևը[8], Ἀρχιμήδης, մոտ մ. թ. ա. 287[1][2][3][…], Սիրակուսե[4][5] - մ. թ. ա. 212[6][1][7][…], Սիրակուսե[5]), նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ։
Արքիմեդես հուն․՝ Ἀρχιμήδης | |
---|---|
Մտածող Արքիմեդեսը | |
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 287[1][2][3][…] Սիրակուսե[4][5] |
Մահացել է | մ. թ. ա. 212[6][1][7][…] Սիրակուսե[5] մարդասպանություն |
Բնակության վայր(եր) | Սիրակուզա Ալեքսանդրիա |
Քաղաքացիություն | Սիրակուսե |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ, գյուտարար, ռազմական ինժեներ, փիլիսոփա և ճարտարագետ |
Գործունեության ոլորտ | երկրաչափություն, մաթեմատիկա, մեխանիկա, ճարտարագիտություն և աստղագիտություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Հայր | Ֆիդիաս (Ֆիդի) |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Archimedes Վիքիպահեստում |
Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի։ Ֆիզիկայում նրա հայտնագործությունների թվում են հիդրոստատիկան, ստատիկան և լծակի սկզբունքի բացատրությունը։ Նրան են վերագրում նորարարական մեքենաների նախագծումը, այդ թվում՝ պարուրակ պոմպը, որը կրում է նրա անունը։ Ժամանակակից փորձերը ցույց են տվել, որ Արքիմեդեսի նախագծած մեքենաները ընդունակ են ջրից բարձրացնել հարձակվող նավերը և վառել նավերը՝ օգտագործելով հայելիների շարքը։ Ընդհանուր առմամբ, Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի մեծագույն մաթեմատիկոս և բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից մեկը[9][10]։
Արքիմեդեսն անվերջ փոքրերի և մոտարկման մեթոդը կիրառել է մի շարք երկրաչափական թեորեմների դուրս բերման և ապացուցման համար, ներառյալ շրջանի մակերեսի գնդի մակերևույթի և ծավալի և պարաբոլայից ներքև մակերեսի հաշվումը, կանխատեսել է ժամանակակից հաշիվը և մաթեմատիկական անալիզը[11]։
Նրա այլ մաթեմատիկական ձեռքբերումները ներառում են պի թվի ճշգրիտ մոտարկումը, Արքիմեդեսի պարուրակի սահմանումն ու ստեղծումը և շատ մեծ թվերը ներկայացնելու համար ստեղծած աստիճան բարձրացնելու համակարգը։ Նա առաջիններից էր, որը մաթեմատիկան կիրառել է ֆիզիկական երևույթների վրա, հիմնել հիդրոստատիկան և ստատիկան՝ ներառյալ լծակի սկզբունքի բացատրությունը։ Նրան են վերագրում նորարական մեքենաների, ինչպիսիք են Արքիմեդեսի պարուրակը, պատերազմի պաշտպանական մեքենայի նախագծումը. վերջինս կառուցել է իր հայրենի Սիրակուզան հարձակումներից պաշտպանելու համար։
Արքիմեդեսը մահացել է Սիրակուզայի պաշարման ժամանակ (մ․ թ․ ա. 214-212)․ սպանվել է հռոմեացի զինվորի կողմից՝ չնայած հրամայված է եղել նրան ձեռք չտալ։ Ցիցերոնը նկարագրել է Արքիմեդեսի գերեզմանը, որի վրա դրվել է գունդ և գլան, որոնք Արքիմեդեսը խնդրել է տեղադրել իր գերեզմանի վրա՝ ներկայացնելու իր մաթեմատիկական հայտնագործությունները։
Ի տարբերություն Արքիմեդեսի հայտնագործությունների, նրա գրառումները հին դարերում քիչ են հայտնի եղել։ Ալեքսանդրիայի մաթեմատիկոսները կարդացել և մեջբերել են նրան, բայց նրա գրառումների առաջին համապարփակ ժողովածուն կազմել է Իսիդոր Միլեթացին Բյուզանդական Կոնստանդնուպոլսում, մինչդեռ Արքիմեդեսի գործերի վերաբերյալ մեկնաբանությունները գրվել են մեր թվարկության վեցերորդ դարում՝ այն բացելով լայն հասարակության համար։ Արքիմեդեսի գրառումների մի քանի օրինակ պահպանվել է միջին դարերից, որոնք Վերածննդի ժամանակաշրջանի գիտնականների համար գիտական գաղափարների ազդեցիկ աղբյուր են եղել[12], մինչդեռ 1906 թվականի նրա անհայտ գործերի հայտնաբերումը Արքիմեդեսի պալիմպսեսթում նոր պատկերացում է տվել, թե մաթեմատիկական արդյունքները նա ինչպես է ստացել[13]։