Բերես Ֆրեդերիկ Սքիներ
From Wikipedia, the free encyclopedia
Բերես Ֆրեդերիկ Սքիներ (անգլ.՝ Burrhus Frederic Skinner, մարտի 20, 1904(1904-03-20)[1][2][3][…], Susquehanna Depot, Սասկվեհանա շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - օգոստոսի 18, 1990(1990-08-18)[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան, գյուտարար և գրող։ 20-րդ դարի կեսերի ամենաազդեցիկ հոգեբաններից մեկը։
Զգալի ներդրում է ունեցել բիհեյվիորիզմի՝ հոգեբանության դպրոցի զարգացման և հանրահռչակման գործում, որը մարդու և կենդանիների վարքը դիտարկել է որպես շրջակա միջավայրի նախորդ ազդեցությունների հետևանք։ Սքիները առավել հայտնի է օպերանտ պայմանավորվածության իր տեսությամբ, իսկ ավելի քիչ իր գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրություններով, որտեղ նա ընթերցողին ծանոթացրել է վարքագծի փոփոխման տեխնիկայի լայն կիրառման հնարավորությանը։ Նրա անունով է կոչվել Skinner box-ը՝ տուփ, որը նախատեսված է եղել օպերատիվ ուսուցման սկզբունքներն ուսումնասիրելու համար։ Հարկ է նշել, որ կան ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ նա իր դստերը մեկ տարի պահել է նման տուփի մեջ՝ հանուն հետազոտությունների։
Նրա աշխատանքները տեսությունների կատեգորիայից անցել են էմպիրիկորեն հաստատված կատեգորիայի (գիտականորեն հիմնված փորձերի արդյունքում)։ Նա ֆունկցիոնալ վերլուծությունն առաջարկել է որպես վարքագծի ուսումնասիրության մեթոդ։ Վարքագիծը կարելի է ուսումնասիրել, կանխատեսել և վերահսկել այն միջավայրի կառավարման միջոցով, որում ներգրավված է օրգանիզմը։ Այս դեպքում կարիք չկա դիտարկել այն մեխանիզմները, որոնք գործում են հենց օրգանիզմի ներսում (ներհոգեբանական մեխանիզմներ, որոնք հնարավոր չէ բացահայտել օբյեկտիվ փորձի արդյունքում)։ Նա ընդգծել է, որ «ներքին վիճակների առարկությունը ոչ թե այն է, որ դրանք գոյություն չունեն, այլ այն, որ դրանք նշանակություն չունեն ֆունկցիոնալ վերլուծության համար»։ Այս վերլուծության մեջ արձագանքի հավանականությունն ի հայտ է եկել որպես արտաքին ազդեցությունների՝ ինչպես անցյալի, այնպես էլ ներկայի ֆունկցիա։
1958 թվականին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան նրան շնորհել է մրցանակ «գիտության զարգացման գործում նշանակալի ավանդի համար»՝ նշելով, որ «ամերիկացի հոգեբաններից քչերն են այդքան խորը ազդեցություն ունեցել հոգեբանության զարգացման վրա»։ 1968 թվականին նա նաև ստացել է Ազգային մեդալ, որը ԱՄՆ կառավարության կողմից տրված բարձրագույն պարգևն է գիտության մեջ ունեցած ավանդի համար։ 1971 թվականին Ամերիկյան հոգեբանական հիմնադրամը Բ. Ֆ. Սքիններին առաջադրել է ոսկե մեդալի․ նրա նկարը հայտնվել է «Time» ամսագրի շապիկին։ Նա գրել է հարյուրավոր հոդվածներ և տասնյակ գրքեր, որոնցից շատերը դարձել են բեսթսելլեր։ 1972 թվականին ամերիկյան հումանիստական կազմակերպության կողմից ճանաչվել է տարվա հումանիստ[16]։ 2002 թվականին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան անվանել է 20-րդ դարի ամենահայտնի հոգեբաններին․ այս պատվավոր ցուցակը գլխավորել է Բերես Սքիները՝ առաջ անցնելով Ժան Պիաժեից և Զիգմունդ Ֆրոյդից[17]։