Գերմանական ներխուժումը Դանիա
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանական ներխուժումը Դանիա տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում՝ 1940 թվականի ապրիլի 9-ին, երբ Հիտլերյան Գերմանիայի բանակը «Վեզերյուբունգ» գործողության շրջանակներում իրականացնում է լայնամասշտաբ հարձակում։
Թվական | ապրիլի 9, 1940 |
---|---|
Մասն է | «Վեզերյուբունգ» ռազմագործողություն |
Վայր | Դանիա |
Արդյունք | Նացիստական Գերմանիայի հաղթանակ
|
Հակառակորդներ | |
Երրորդ Ռայխ | Դանիա |
Հրամանատարներ | |
Լեոնարդ Կաուպիշ | Քրիստիան X Վիլիամ Վայն Պրիոր Հյալմար Ռեխնիթցեր |
Կողմերի ուժեր | |
31-րդ (XXXI) հրամանատարական կորպուս
10-րդ ավիոցիոն կորպուս
| Զելանդիայի և Յուտլանդիայի դիվիզիա Բորնհոլմի կայազոր
|
Ռազմական կորուստներ | |
անհայտ թվով սպանվածներ ոչնչացված 4 տանկ | 16 սպանված 20 վիրավոր |
Ընդհանուր կորուստներ |
Դանիական օպերացիան, ինքնին, կարելի է համարել գերմանական ուժերի՝ Նորվեգիա ներխուժման ուղղությամբ իրականացված նախապատրաստական քայլ։ Դանիայի ռազմավարական նշանակությունը Գերմանիայի համար խիստ սահմանափակ էր, ուստի Յուտլանդիա թերակղզի ներխուժելով Հիտլերը առաջնահերթ նպատակ էր հետապնդում այն դարձնել ռազմական հենակետ Նորվեգիայի դեմ հետագա պատերազմի համար։ Այսուհանդերձ, Դանիայի ամբողջական ռազմակալումից հետո այստեղ կառուցվում է ռադիոտեղորոշիչ համակարգերի ընդարձակ ցանց՝ Միացյալ Թագավորությունից Գերմանիա սլացող կործանիչների հայտնաբերման համար։
Նացիստների ներխուժումը ուղղակիորեն անտեսում էր ոչ միայն Դանիայի հռչակած չեզոքությունը, այլև խախտում էր իրադարձությունների ծավալումից շուրջ մեկ տարի առաջ կնքված փոխադարձ չհարձակման պայմանագիրը։ Ի սկզբանե Ադոլֆ Հիտլերը հակված էր ձեռնպահ մնալ Դանիայի բռնակցումից և որոշել էր սահմանափակվել վերջինիս տարածքում գտնվող բազաների և տարանցման համար նեղուցների օգտագործմամբ, սակայն Նորվեգիայով մատակարարվող երկաթի պաշարների նշանակության ավելացումը Գերմանիային մղում է հնարավորինս սեղմ ժամկետներում օկուպացնել սկանդինավյան երկու թագավորությունները։
Դանիայի զինուժը և՛ թվաքանակով և և՛ ռազմական տեխնիկայով էապես զիջում էր Գերմանիային և կարճատև մարտից հետո ստիպված է լինում անձնատուր լինել։ Երկու ժամից էլ քիչ պայքարելուց հետո վարչապետ Թորվալդ Ստաունինգը հայտարարում է Դանիայի Թագավորության կապիտուլյացիայի մասին՝ վախենալով, որ նացիստները 1939 թվականի Վարշավայի օրինակով կռմբակոծեն Կոպենհագենը ևս։ Կապի դժվարություններով պայմանավորված դանիական որոշ զորամիավորումներ շարունակում են պաշտպանությունը ևս երկու ժամ։
Դանիայի ամբողջական ռազմակալմամբ ավարտված և մոտ վեց ժամ տևած Դանիական ռազմագործողությունը, որը կրում էր «Վեզերյուբունգ-հարավ» անվանումը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամենակարճ ռազմական օպերացիաներից մեկն էր։