Գոսպել
From Wikipedia, the free encyclopedia
Գոսպել (անգլ.՝ Gospel music — ավետարանական երաժշտություն), քրիստոնեական երաժշտության ավանդական ժանր, նաև՝ քրիստոնեական մեդիայի անկյունաքարերից մեկը։ Ստեղծվում և կատարվում է բազմաթիվ նպատակներով, ներառյալ գեղագիտական հաճույքը, կրոնական կամ ծիսական շարժառիթները, ինչպես նաև՝ որպես զվարճանքի շուկայական ապրանք։ Երաժշտական այդ ժանրին բնորոշ են վոկալի գերիշխումը, քրիստոնեական տեքստերի և մեղեդու սերտ ներդաշնակումը։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով ժանրի առաջին դրսևորումներն ի հայտ են եկել դեռևս 17-րդ դարի սկզբին[1]։ Սակայն տիրապետող կարծիքն այն է, որ գոսպելն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջերին, բուռն զարգացում ապրել 20-րդ դարի առաջին քառորդին, ԱՄՆ-ի հարավային նահանգների մեթոդիստական եկեղեցիներում։ Տարբերակում են գոսպելի երկու տարատեսակ՝ եվրոամերիկյան կամ սպիտակ և աֆրոամերիկյան կամ սև։ Եկեղեցիներում ծիսական երգերը հաճախ կատարվել են կանչի ու պատասխանի ձևով, որոշ եկեղեցիներում կիրառվել են նաև ռիթմիկ ծափազարկն ու ոտքերով դոփյունը։ Մեծ մասամբ երգերը կատարվել են ակապելլա[2]։ Գոսպել եզրույթը "gospel song" տեսքով տպագիր խոսքում առաջին անգամ գործածվել է 1874 թվականին, Ֆիլիպ Բլիսի հրատարակած «Գոսպել երգեր. հին ու նոր օրհներգերի ու երգերի ընտրանի ավետարանական հավաքույթների, ժողովների, կիրակնօրյա դպրոցների համար» ժողովածուում։
Ժանրի առաջին նմուշօրինակներն ստեղծել են Ջորջ Ֆրեդերիկ Ռութը, Ֆիլիպ Բլիսը, Չարլզ Գեբրիելը, Ուիլյամ Հոուարդ Դոունը, Ֆաննի Քրոսբին[3]։ Գոսպել երգերի առաջին հաջողակ կատարողներից էր Carter Family երաժշտախումբը, որի ձայնապնակները 1920—1930-ական թվականներին մեծ ժողովրդականություն էին վայելում։
Սև գոսպելը (Black Gospel music) բուռն զարգացում է ապրել 1930-ական թվականներին՝ շարունակելով սպիրիչուելսի ավանդույթները։ Ժանրի հիմնադիր է համարվում մեթոդիստ քահանա Չարլզ Թինդլին (մոտ. 1859—1933), ով հեղինակել է երգերի և՛ տեքստերը, և՛ երաժշտությունը։ Աֆրիկյան գոսպելն ավելի աշխույժ է, պարունակում է ավելի շատ իմպրովիզացիա, երբեմն՝ նաև պարային ռիթմեր։ Ժանրի թագուհի իրավամբ համարում են Մահալյա Ջեքսոնին, ով գոսպելը Չիկագոյի եկեղեցուց հասցրել է աշխարհին։ Նրա արժանավոր հետևորդներն են եղել Մարիոն Ուիլյամսը, Դելլա Ռիզը, ում հիթային կատարումները հաճախ բարձր տեղեր են զբաղեցրել ամերիկյան չարթերում, Ռութի Ֆոսթերը, ով իր ալբոմներում կարողացել է վարպետորեն համադրել քանթրին, գոսպելը, բլյուզը, ռոքնռոլը։
Իսկ փոփ երաժշտության ասպարեզում գոսպելի կատարումներով աչքի են ընկել հատկապես Ռեյ Չարլզը, Էլվիս Փրեսլին, Լիթլ Ռիչարդը, Ջոնի Քեշը, Ուիթնի Հյուստոնը, Մրայա Քերին, Լուի Արմսթրոնգը։