Դադաիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Դադա (/ˈdɑːdɑː/) կամ դադաիզմ, 20-րդ դարասկզբի ավանգարդ արվեստի ուղղություն, որ դրսևորվեց գրականության, նկարչության, թատրոնի, կինոյի և քանդակագործության մեջ։ Դադաիզմի կենտրոն է համարվում Ցյուրիխի «Վոլտեր» կաբարեն (մոտ 1916 թ.), թեպետ գրեթե միաժամանակ (գուցե և ավելի վաղ) այն ձևավորվեց նաև Նյու Յորքում (մոտ 1915 թ.)[2][2], իսկ 1920 թվականից հետո տարածում գտավ Փարիզում։ Դադան ձևավորվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ այդպիսով դառնալով նրան ուղղված բողոքի մի ձև։ Դադաիզմի ներկայացուցիչները մերժում էին տրամաբանությունը, դատողությունը և կապիտալիստական հասարակության գեղագիտությունը՝ փոխարենը իրենց գործերում արտահայտելով անմտություն, անտրամաբանականություն և բողոք քաղքենիության դեմ[3][4][5]։ Դադաիստներն իրենց դժգոհությունն էին արտահայտում բռնության, պատերազմի և ազգայնամոլության դեմ՝ հաստատելով կապեր ձախ արմատականների հետ[6][7][8][9]։
Շարժման անվան ծագման հարցի շուրջ ընդհանուր կարծիք գոյություն չունի. տարածված պատմություն կա, որի համաձայն ավստրիացի գրող Ռիխարդ Հյուլսենբեկը դանակը պատահաբար գցել է բառարանի վրա և այն կանգ է առել «դադա» բառի վրա, որը ֆրանսերենում խոսակցական բառ է և նշանակում է փայտե խաղալիք ձի։ Ոմանց կարծիքով դադան խորհրդանշում է երեխայի արտաբերած առաջին տառերը՝ այդպիսով կապ ստեղծելով շարժմանը բնորոշ երեխայական և աբսուրդային կողմերի հետ։ Մինչդեռ մյուսները կարծում են, որ «դադա» բառն է ընտրվել, քանի որ այն բոլոր լեզուներում ունի միևնույն իմաստը (կամ առհասարակ իմաստ չունի)՝ արտացոլելով շարժման ինտերնացիոնալիզմը[10]։
Դադայի ակունքներում նախապատերազմյան ավանգարդն է։ 1913 թվականին Մարսել Դյուշանի կողմից առաջ քաշվեց «հակաարվեստ» տերմինը, որով մարտահրավեր էր նետվում արվեստի ընդունված սկզբունքներին[11]։ Կուբիզմը, կոլաժի զարգացումը և աբստրակցիոնիզմը արդեն իսկ նախապատրաստում են շարժման կարևոր կողմերից մեկը՝ հակադրումը իրականությանը։ Ֆրանսիացի բանաստեղծների, իտալացի ֆուտուրիստների և գերմանացի էքսպրեսիոնիստների ազդեցությամբ և հետևությամբ դադան հերքեց բառի և իմաստի սերտ հարաբերակցությունը[12]։ Այնպիսի գործեր, ինչպես Ալֆրեդ Ջարրիի «Ուբու Ռոյը» (1896 թ.) և Էրիկ Սատիի «Շքերթ» բալետը (1916-17 թթ.), նախապատրաստեցին դադաիստական երկերի մուտքը[13]։ Դադաիզմի սկզբունքները առաջին անգամ ամբողջական տեսքով ներկայացվեցին Հուգո Բալի «Դադայի մանիֆեստում» 1916 թվականին։
Դադաիստները հաճախ կազմակերպում էին հանրային հավաքույթներ, ցուցադրություններ և գրական-մշակութային ամսագրերի հրատարակություն։ Նրանց քննարկումների գլխավոր թեմաներն էին արվեստը, քաղաքականությունը և մշակույթը։ Շարժման գլխավոր ներկայացուցիչներն էին Հուգո Բալը, Մարսել Դյուշանը, Էմմի Հեննինգսը, Ժան Արպը, Ռաուլ Հաուսմանը, Հաննա Հյոխը, Յոհաննես Բաադերը, Տրիստան Ցառան, Ֆրանսիս Պիկաբիան, Հյուլսենբեկը, Գեորգ Գրոսը, Ջոն Հարթվիլդը, Ման Ռեյը, Բեատրիս Վուդը, Կուրթ Շվիթերսը, Հանս Ռիխտերը, Մաքս Էռնսթը և Էլզա ֆոն Ֆրեյթագ-Լորինգոֆենը։ Շարժումն իր հերթին ազդեցություն ունեցավ հետագայում ձևավորված մի շարք այնպիսի ոճերի վրա, ինչպես երաժշտական դաունթաուն ոճը, նոր ռեալիզմը, փոփ արտը և ֆլյուկսուսը (լատ․՝ fluxus՝ կյանքի հոսք)։