Դրեզդենի ամրոց
ամրոց Դրեզդենում, Գերմանիա / From Wikipedia, the free encyclopedia
Դրեզդենի ամրոց-նստավայր, նաև Դրեզդենի պալատ-նստավայր (գերմ.՝ Dresdner Residenzschloss կամ Dresdner Schloss), սաքսոնական կուրֆյուրստների (1464-1485, 1547-1806) և թագավորների (1806-1918) նախկին նստավայրը։ Դրեզդենի ամենահին շենքերից մեկն է, որտեղ կարելի է հայնաբերել ռոմանականից մինչ էկլեկտիզմի ոճերի ճարտարապետություն։
Դրեզդենի ամրոցի մասին առաջին հիշատակումը վերաբերվում է 1289 թվականին։ Դրանից հետո ամրոցը բազմիցս վերակառուցվել է և իր ժամանակակից տեսքը ստացել է 1901 թվականին, երբ ճարտարապետներ Գուստավ Դանգերի և Գուստավ Ֆրյոլիհի ղեկավարությամբ իրականացվել է վերջին խոշոր վերակառուցումը։ Ամրոցի ներսում տեղակայված են «Կանաչ հավաքածու» ոսկերչական զարդերի հավաքածուն (գերմ.՝ Grünes Gewölbe), Դրամագիտական կաբինետը (գերմ.՝ Münzkabinett), Փորագրական կաբինետը (գերմ.՝ Kupferstich-Kabinett), զինանոցը՝ հայտնի թուրքական սրահով։ Բացի այդ, ամրոցում անցկացվում են տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ, որտեղ ցուցադրում են ինչպես հին, այնպես էլ ժամանակակից վարպետների արվեստի գործեր։ Այնտեղ է գտնվում նաև արվեստին վերաբերող գրադարան և Դրեզդենի արվեստի պետական հավաքածուն։