Երկմետաղյա դրամներ
From Wikipedia, the free encyclopedia
Երկմետաղ մետաղադրամներ, երկու մետաղից կամ համաձուլվածքից բաղկացած մետաղադրամներ են, սովորաբար տարբերվող կենտրոնի շուրջ արտաքին օղակի դասավորությամբ։ Ընդհանուր շրջանառվող մետաղադրամների օրինակներն ընդգրկում են հնդկական 10 ռուփի, 1 և 2 եվրո, լեհական 2 և 5 զլոտի, չեխական 50 կորունա, Հունգարիայի 100 և 200 ֆորինտ, Բուլղարիայի 1 և 2 լեվ, բրիտանական 1 և 2 ֆունտ ստեռլինգ, կանադական 2 դոլար, Հարավային Աֆրիկայի 5 ռանդ, Թուրքիայի 1 լիրա, Ինդոնեզիայի 1 ռուփի, Հոնկոնգի 10 դոլար, Արգենտինայի 1 դոլար, Բրազիլիայի 1 ռեալ, Ֆիլիպինների 10 պեսո և Մեքսիկայի բոլոր 1 դոլար մետաղադրամները կամ բարձր անվանական արժեքով մետաղադրամները։ Ներկայումս երկմետաղ մետաղադրամներ են թողարկվել աշխարհի ավելի քան 120 երկրներում, և այդ թիվը գնալով աճում է[1]։
2003 թվականի հայկական 500 դրամ, բաղկացած է մելքիորե կենտրոնից, շրջապատված արույրե օղակով |
Առաջին երկմետաղ մետաղադրամները ի հայտ են եկել մ.թ. 2-րդ դարում Հին Հռոմում։ Հռոմեական կայսրությունը Հադրիանոսի թագավորումից սկսած հատուկ առիթների համար թողարկել է բրոնզե կամ պղնձե կենտրոնով և օրիքալկումի արտաքին օղակ ունեցող խոշոր մեդալիոններ։ Հին հռոմեական երկմետաղ մետաղադրամներն ու մեդալիոնները մեծ պատմական և դրամագիտական արժեք են ներկայացնում և վաճառվում են առաջատար աճուրդներում[2]։
Երկմետաղ մետաղադրամների երկրորդ թողարկումը վերաբերում է 17-րդ դարին։ Անգլիայում 1634-1644 թվականներին Կառլոս 1-ինի օրոք թողարկվեց այսպես կոչված «վարդով ֆարտինգ». կեղծումները կանխելու համար պղնձե արտադրանքին ավելացվեց արույրե եզր։ Հետագայում այս տեխնոլոգիայով հատվեցին պղնձե եզրերով անագե պենիները[3]։ Մեկ այլ օրինակ է Միացյալ Նահանգների կողմից 1792 թվականին արտադրված արծաթե կենտրոնով նմուշը։ 1830-ական թվականներին և 1840-ական թվականներին բրիտանացի մեդալիստ Ջոզեֆ Մուրը մեծ քանակությամբ երկմետաղ «պենիի մոդել» և ավելի քիչ ընդհանուր «կես պենի մոդել» տոկեններ է արտադրել, որպես առաջարկություն փոխարինելու համեմատաբար մեծ պենին և կես պենին։ Չնայած ոչ որպես օրինական վճարամիջոց, Մուրի տոկենները լայն տարածում գտան և շատ առևտրականների կողմից ընդունվեցին անվանական արժեքով։ Չնայած իրենց ժողովրդականությանը, Միացյալ Թագավորության թագավորական դրամահատարանը մերժեց առաջարկը և չնվազեցրեց պենիի և կես պենիի չափը` մինչև 1971 թվականի փետրվարի 15-ի դեցիմալիզացիան։
Երկմետաղ մետաղադրամների շարքում հարկ է առանձնացնել 2000 թվականին թողարկված 10 դոլարը (կենտրոնը՝ 1/4 ունցիա պլատին, օղակը՝ 1/4 ունցիա ոսկի), 2003 թվականի Սլովակիայի 10,000 կրոն հնգանկյուն մետաղադրամy (1/2 ունցիա ոսկի + 1/10 ունցիա պալադիում)[4]։ Բացի այդ, 2003 թվականին Ավստրիայի դրամահատարանը թողարկել է աշխարհի առաջին նիոբիում պարունակող երկմետաղ մետաղադրամը[5][6] (կենտրոն՝ 998 հարգի նիոբիում, «օղակ»` արծաթ)։ Այդ ժամանակից ի վեր, տարեկան մեկ նիոբիում-արծաթե մետաղադրամի թողարկումը դարձել է Ավստրիայի դրամահատարանի ավանդույթը։
1992 թվականին Ֆրանսիայում թողարկվել է Մոն Սեն Միշելը պատկերող առաջին եռմետաղյա դրամը (անվանական արժեքը՝ 20 ֆրանկ)։ Կենտրոնը բրոնզե է, ներքին օղակը՝ նիկել, արտաքին օղակը՝ պղնձի, ալյումինի և նիկելի համաձուլվածք։ Կան նաև 20 ֆրանկ անվանական արժեքով եռմետաղյա դրամներ, որոնք թողարկվել են 1993 թվականին Ֆրանսիայում Միջերկրածովյան խաղերի և 1994 թվականի Ալբերվիլի օլիմպիական խաղերի համար։
2006 թվականին բրիտանական մասնավոր Պոբջոյի դրամահատարանը հատեց Բրիտանական Վիրջինյան կղզիների առաջին քառակուսի մետաղադրամը (պալադիում-ոսկի-պլատին-արծաթ)[7][8]։