Զոդիակ (սերիական մարդասպան)
From Wikipedia, the free encyclopedia
Զոդիակ (անգլ.՝ Zodiac), ամերիկացի անհայտ սերիական մարդասպանի կեղծանուն, որն առնվազն 1960-ական թվականների վերջից մինչև 1970-ական թվականների սկիզբը գործել է Հյուսիսային Կալիֆոռնիայում։
Զոդիակ | |
---|---|
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | սերիական մարդասպան |
Ստորագրություն | |
Zodiac killer Վիքիպահեստում |
1968 թվականի դեկտեմբերից մինչև 1969 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Բենիշայում, Վալեխոյում, Նապայում և Սան Ֆրանցիսկոյում մարդասպանն իրականացրել է յոթ հաստատված հարձակում, որոնցից հինգն ավարտվել են զոհերով։ Նա հարձակվել է զույգ երիտասարդների վրա, ինչպես նաև սպանել է տաքսու վարորդին։ Հանցագործությունների ընթացքում օգտագործել է դանակ և ատրճանակ։
Երկրորդ հարձակումից հետո հանցագործը մի շարք ծաղրական նամակներ է ուղարկել տեղական թերթերին, որոնցում որպես ստորագրություն օգտագործել է «Զոդիակ» կեղծանունն ու կելտական խաչ հիշեցնող հատուկ խորհրդանիշը ()։ Նմանատիպ խորհրդանիշ նա թողել է հանցագործություններից մեկի վայրում։ Նամակներում Զոդիակը հայտարարել է, որ «ստրուկներ է հավաքում» հանդերձյալ կյանքի համար, հնչեցրել է նոր սպանությունների սպառնալիքներ և դպրոցական ավտոբուսը պայթեցնելու մտադրություն։ Նամակները պարունակում էին չորս ծածկագիր, որոնցում, մարդասպանի խոսքով, գաղտնագրված էին նրա մասին տվյալները։ Դրանցից երկուսը հաջողվել է վերծանել, իսկ մնացածների վերծանումը չափազանց բարդ է եղել՝ փոքր ծավալի պատճառով։ Մարդասպանի անձնական տվյալները այդտեղ չեն եղել։ Զոդիակը նամակների մեծ մասն ուղարկել է 1969-1971 թվականներին, որից հետո երեք տարի կապի դուրս չի եկել։ 1974 թվականին եկել է վերջին նամակը, որի համար ապացուցվել է Զոդիակի հեղինակությունը։ Նմանատիպ հաղորդագրություններ եկել են ավելի ուշ, բայց փորձագետների մեծ մասը կարծել է, որ Զոդիակը չի եղել դրանց հեղինակը։ Նամակագրությունը դադարեցնելու պատճառները հայտնի չեն։
Իր նամակներում Զոդիակն անընդհատ հայտարարել է նոր զոհերի մասին՝ ի վերջո հայտարարելով 37 սպանությունների մասին, բայց այդ հայտարարությունների ճշմարտացիության աստիճանը պարզ չի եղել։ Մարդասպանը չափազանցրել էր զոհերի քանակը՝ լրատվամիջոցների ուշադրությունը գրավելու և հետաքննությունը շփոթեցնելու պատճառով։ Ոստիկանությունն ապացուցել է նրա մասնակցությունը հինգ մարդու մահվան մեջ։
Թեև ողջ մնացած զոհերն ու վկաները մանրամասն նկարագրել են հանցագործին, իսկ նա հանցագործության վայրում թողել է մատնահետքեր, նրա ինքնությունը պարզել չի հաջողվել։ Ոստիկանությունը հայտնել է միայն մեկ կասկածյալի՝ Արթուր Լի Ալենի անունը։ Թեպետ նա երկար տարիներ կասկածի տակ է եղել, ոստիկանությանը չի հաջողվել բավարար ապացույցներ հավաքել։ 1992 թվականին Ալենը մահացել է՝ այդպես էլ պաշտոնապես չմեղադրվելով Զոդիակի կատարած սպանությունների մեջ։ Նրա մեղավորությունը մնացել է վիճաբանությունների առարկա[1][2]։
Զոդիակի ինքնությունը և հավանական ներգրավվածությունը այլ սպանությունների մեջ եղել են բազմաթիվ ոչ պաշտոնական տեսությունների առարկա, որոնց մի մասը կասկածելի կամ անհեթեթ են թվացել։ Որպես կասկածյալ դիտարկվել են հարյուրավոր մարդիկ, որոնցից լայն հանրությանը հայտնի են եղել միայն մի քանի տասնյակ մարդիկ[2][3][4]։ Մի շարք մարդիկ հայտարարություններ են արել, որ իրենց հարազատներից կամ ծանոթներից ինչ-որ մեկը եղել է Զոդիակը, սակայն համոզիչ ապացույցներ չեն կարողացել ներկայացնել։ Պաշտոնապես Զոդիակի գործը համարվել է չբացահայտված, իսկ հանցագործի ինքնությունը՝ չպարզված[5]։
ԱՄՆ-ի պատմության ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկը Զոդիակն էր։ Նրա անձը և արարքները արտացոլվել են ժողովրդական մշակույթում, այդ թվում՝ 2005 և 2007 թվականների համանուն ֆիլմերում։