Էնրոնի սկանդալ
From Wikipedia, the free encyclopedia
Էնրոնի սկանդալ՝ հաշվապահական սկանդալ, որում ներգրավված էր ամերիկյան էներգամատակարար Էնրոն կորպորացիա ընկերությունը՝ տեղակայված Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում։ Երբ 2001 թվականի հոկտեմբերին ընկերության ներսում լայնամաշտաբ խարդախությունների մասին լուրերը ի հայտ եկան, ընկերությունը հայտարարեց սնանկության մասին, և նրա հաշվապահական ընկերությունը՝ Արթուր Անդերսենը, որն այն ժամանակ աշխարհի հինգ խոշորագույն աուդիտորական և հաշվապահական ընկերություններից մեկն էր, փաստացիորեն լուծարվեց։ Բացի այն, որ այդ ժամանակ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ սնանկության գործընթացն էր, Էնրոնը նշվում էր որպես աուդիտի ամենամեծ ձախողումը[1]։
Էնրոնը ստեղծվել է 1985 թվականին Քենեթ Լեյի կողմից «Houston Natural Gas»-ի և «InterNorth»-ի միաձուլումից հետո։ Մի քանի տարի անց, երբ Ջեֆրի Սքիլլինգը ընդունվեց աշխատանքի, Լեյը կազմավորեց գործադիր ղեկավարների խորհուրդ, որը, օգտագործելով հաշվապահական հաշվառման բացերը, շուկայական արժեքների ոչ Ճիշտ հաշվառումը, հատուկ նշանակության կազմակերպությունները և վատ ֆինանսական հաշվետվությունները, կարողացավ թաքցնել միլիարդավոր դոլարի պարտք՝ ձախողված գործարքներից ու նախագծերից։ Գլխավոր ֆինանսական տնօրեն Էնդրյու Ֆաստոունը և այլ գործադիր մարիմինների ղեկավարներ մոլորության մեջ են գցել Էնրոնի տնօրենների խորհրդին և աուդիտի կոմիտեին, բարձր ռիսկային հաշվապահական հաշվառման պրակտիկայի վերաբերյալ և ճնշում են գործադրել Արթուր Անդերսենի վրա՝ անտեսելու խնդիրները։
Ընկերության բաժնետերերը 40 միլիարդ դոլարի հայց ներկայացրեցին (և ի վերջո ստացան մասամբ փոխհատուցում 7,2 միլիարդ դոլարի չափով), այն բանից հետո, երբ ընկերության բաժնետոմսերի գինը, որը 2000 թվականի կեսերին հասել էր 90,75 ԱՄՆ դոլարի մեկ բաժնետոմսի դիմաց, 2001 թվականի նոյեմբերի վերջին հասավ 1 դոլլարից է պակաս արժեքի[2]։ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) սկսեց հետաքննություն, և Հյուսթոնից մրցակից «Dynegy»-ն ընկերություն առաջարկեց գնել Էնրոնը շատ ցածր գնով։ Գործարքը ձախողվեց, և 2001 թվականի դեկտեմբերի 2-ին Էնրոնը սնանկության դիմում ներկայացրեց Միացյալ Նահանգների սնանկության օրենսգրքի 11-րդ գլխի համաձայն։ Էնրոնի 63,4 միլիարդ դոլար ակտիվները դարձրեցին այն ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ կորպորատիվ սնանկ ճանաչված ընկերությունը մինչև հաջորդ տարի «WorldCom»-ի սկանդալը[3]։
Էնրոնի շատ ղեկավարների տարբեր մեղադրանքներ են ներկայացվել, իսկ ոմանք հետագայում դատապարտվել են ազատազրկման, այդ թվում՝ նախկին գործադիր տնօրեն Ջեֆրի Սքիլինգը։ Այնուհետև գործադիր տնօրեն և նախագահ Քենեթ Լեյը մեղադրվեց և դատապարտվեց, բայց մահացավ նախքան դատապարտվելը։ Արթուր Անդերսեն ՍՊԸ-ն մեղավոր է ճանաչվել SEC-ի հետաքննությանն առնչվող փաստաթղթերը ապօրինի ոչնչացնելու մեջ, որի պատճառով զրկվել է հանրային ընկերությունների աուդիտ իրականացնելու լիցենզիան, որից հետո ընկերությունը փաստացի փակվել է։ Մինչ Գերագույն դատարանի կողմից լիզենզիան կասեցնելու որոշումը չեղարկվելը, Արթուր Անդերսենը կորցրել էր իր հաճախորդների մեծ մասը և դադարեցրել էր իր գործունեությունը։ Էնրոնի աշխատակիցներն ու բաժնետերերը դատական հայցերում սահմանափակ քանակի փոխհատուցումներ ստացան՝ չնայած միլիարդավոր դոլարների թոշակների և բաժնետոմսերի կորստին։
Սկանդալի հետևանքով նոր կանոնակարգեր և օրենքներ են ընդունվել հանրային ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների ճշգրտությունը մեծացնելու համար[4]։ Օրենսդրության մի հատված՝ Սարբանես-Օքսլիի ակտը, խստացրել է պատիժը դաշնային հետաքննությունների ժամանակ գրառումները ոչնչացնելու, փոփոխելու կամ կեղծելու, ինչպես նաև բաժնետերերին խաբելու փորձի համար[5]։ Օրենքը նաև մեծացրել է աուդիտորական ընկերությունների պատասխանատվությունը, որպեսզի նրանք մնալան անաչառ և կախվածություն չունենան իրենց հաճախորդներից[4]։