Թինա Թըրներ
From Wikipedia, the free encyclopedia
Թինա Թըրներ (անգլ.՝ Tina Turner, ի ծնե՝ Աննա Մաի Բալոկ, անգլ.՝ Anna Mae Bullock, նոյեմբերի 26, 1939(1939-11-26)[1][2][3][…], Բրաունսվիլ, Թենեսի, ԱՄՆ[4][5][6] - մայիսի 24, 2023(2023-05-24)[10][11], Կյուսնախտ[12][9])[19][20], ամերիկացի երգչուհի, պարուհի, դերասանուհի և երգերի հեղինակ։
Թինա Թըրներ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Tina Turner |
Ի ծնե անուն | անգլ.՝ Anna Mae Bullock |
Նաև հայտնի է որպես | Tina Turner |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1939(1939-11-26)[1][2][3][…] Բրաունսվիլ, Թենեսի, ԱՄՆ[4][5][6] |
Երկիր | ԱՄՆ[7] և Շվեյցարիա[8][9] |
Մահացել է | մայիսի 24, 2023(2023-05-24)[10][11] (83 տարեկան) Կյուսնախտ[12][9] |
Ժանրեր | ռոք, սոուլ, փոփ, Քանթրի, ռոքնռոլ, ռիթմ էնդ բլյուզ և Ֆանկ |
Մասնագիտություն | երգչուհի, պարուհի, ինքնակենսագիր, երգերի հեղինակ, ստուդիական երաժիշտ, դերասանուհի, պարուսույց և երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Capitol Records, ԷՄԻ, United Artists Records, Parlophone և Virgin |
Կրթություն | Sumner High School? |
Անդամակցություն | Ike & Tina Turner?, Kings of Rhythm? և Beyond? |
Ամուսին | Այք Թըրներ և Էրվին Բախ[13] |
Պարգևներ | |
Կայք | tinaturnerofficial.com |
Ստորագրություն | |
Tina Turner Վիքիպահեստում |
Ծնվել և մեծացել է Միացյալ Նահանգներում, 2013 թվականին դարձել է Շվեյցարիայի քաղաքացի։
Նա ձայնագրման կարիերան սկսեց 1958-ին ՝ երգելով Ike Turner's Kings of Rhythm նվագախմբի հետ. առաջին անգամ ձայնագրվել է Little Ann կեղծանունով[21]։ Թինա Թըրներ անունով ներկայանալ սկսել է 1960 թվականին որպես Այկ և Թինա Թըրներներ դուետի անդամ[22]։ Հաջողության է հասել դուետի մի շարք հիթերի շնորհիվ, որոնցից են՝ "A Fool in Love"[23], "River Deep – Mountain High" (1966), "Proud Mary" (1971) և "Nutbush City Limits" (1973), որն ինքն է հեղինակել։ Իր I, Tina ինքնակենսագրության մեջ նա ներկայացրել է ընտանեկան բռնության դեպքեր, որոնց ինքը ենթարկվել է նախքան 1976 թվականին Այկ Թըրներից բաժանվելը և ամուսնալուծվելը 1978 թվականին։
Ամուսնալուծությունից հետո Թինա Թըրները վերսկսել է իր կարիերան կենդանի ելույթներով։ 1983 թվականին թողարկել է "Let's Stay Together" սինգլը, 1984 թվականին՝ իր հինգերորդ Private Dancer ստուդիական ալբոմը, որ ունեցել է համաշխարհային հաջողություն։ Ալբոմը ներառում է "What's Love Got to Do with It երգը, որ դարձել է Թինա Թըրների մեծագույն հիթը և արժանացել չորս «Գրեմմի» մրցանակի, այդ թվում նաև Տարվա ձայնագրություն անվանակարգում։ Թինա Թըրները շարունակել է իր հաջող կարիերան 1980-ական և 1990-ական թվականներին, այդ ընթացքում թողարկել է մի շարք ալբոմներ, որոնցից Break Every Rule և Foreign Affair ստացել են պլատինե հավաստագրեր տարբեր երկրներում, ինչպես նաև բազմաթիվ սինգլներ, այդ թվում՝ "We Don't Need Another Hero (Thunderdome)", "Typical Male", "The Best", "I Don't Wanna Fight" և "GoldenEye" երգը 1995 թվականին ստեղծված և Ջեյմս Բոնդի մասին պատմող համանուն ֆիլմի համար։ 1993 թվականին "What's Love Got to Do with It" երգի խորագիրն օգտագործվել է որպես կենսագրական ֆիլմի վերնագիր, որ ստեղծվել է երգչուհու ինքնակենսագրության հիման վրա։ Երգչուհու կարիերային զուգահեռ Թինա Թըրները հաջողությամբ նկարահանվել է ֆիլմերում, այդ թվում կատարել է Էյսիդ թագուհու դերը 1975 թվականին «Թոմի» ռոք մյուզիքլում, Մել Գիբսոնի հետ նկարահանվել է «Խենթ Մաքսը որոտի գմբեթի ներքո» ֆիլմում, իսկ 1993 թվականին նկարահանվել է «Վերջին կինոհերոսը» ֆիլմում (կամեո)։
Լինելով բոլոր ժամանակների աշխարհում ամենաշատ ձայնագրություններ վաճառած արտիստներից մեկը՝ Թինա Թըրները ստացել է Ռոք-ն-ռոլի թագուհի անունը[24][25][26]։ Նա համարվում է ռոք-ն-ռոլ ժանրի ամենահաջողակ երգչուհին[27], որ ստացել է տասնմեկ «Գրեմմի», այդ թվում ութ մրցութային և երեք «Գրեմմիի փառքի սրահի» մրցանակներ։ Թինա Թըրները նաև վաճառել է ավելի շատ համերգի տոմսեր, քան որևէ այլ սոլո կատարող պատմության մեջ[28]։ Նրա ալբոմներն ու սինգլներն ամբողջ աշխարհում վաճառվել են ընդհանուր առմամբ շուրջ 180 միլիոն օրինակով[29]։ Նա հայտնի է բեմում իր էներգետիկ պահվածքով[25], հզոր վոկալով և իր կարիերայի երկարատևությամբ[30]։ 2008 թվականին Թըրները վերադարձել է իր կարիերային, որպեսզի մեկնի Tina!: 50th Anniversary Tour համերգային շրջագայությանը[31]։ Թըրների շրջագայությունը դարձել է ամենաշատ վաճառված տոմսեր ունեցող շոուն 2008-2009 թվականներին[32]։ Rolling Stone-ը Թըրներին ընդգրկել է բոլոր ժամանակների 100 մեծագույն արտիստների ցանկի 63-րդ հորիզոնականում[33] և բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկի 17-ըդ հորիզոնականում։ 1991 թվականին Թըրներն ընդգրկվել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում[34]։