Թրամփ-Զելենսկի հակասություն
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքական սկանդալ ԱՄՆ-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև 2019 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հեռախոսազրույցի կապակցությամբ, կապված նախագահ Թրամփի՝ իր դիրքը չարաշահելու մեղադրանքների հետ՝ 2020 թվականի առաջիկա նախագահական ընտրություններում հիմնական պոտենցիալ ընդդիմախոսի՝ Ջո Բայդենի, որն ԱՄՆ-ի նախկին փոխնախագահն Է, դեմ վարկաբեկիչ նյութեր ստանալու նպատակով[1]։ Ամերիկյան մամուլը սկանդալին տվել է «Ուկրաինագեյթ» անվանումը[2]։
Ինչպես հայտնի է դարձել, 2019 թվականի մայիսից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և նրա անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին ճնշում են գործադրել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վրա՝ փորձելով համոզել նրան վերսկսել Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեության հետաքննությունը[1][3][4][5][6]։ Հուլիսի 25-ին Թրամփի և Զելենսկու միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում Թրամփն անձամբ է խնդրել Զելենսկուն աջակցել Բայդենների ընտանիքի կոռուպցիոն կապերի հետաքննությանը և ստացված արդյունքները փոխանցել իր ներկայացուցիչներին։
Ուկրաինայի իշխանությունների վրա գործադրվող ճնշումը հայտնի է դարձել ԱՄՆ-ի հետախուզական համայնքի անանուն աշխատակցի շնորհիվ, որն այս տեղեկատվությունը հասանելի է դարձրել։ Սպիտակ տունը փորձել է թաքցնել այդ փաստը Կոնգրեսից[7], թեև գործող օրենսդրության համաձայն՝ զեկույցը պետք է ուղարկվեր Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետախուզության կոմիտեներ։
Իմանալով, որ Սպիտակ տունը փորձում է Կոնգրեսից թաքցնել այս տեղեկատվությունը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հեռուստատեսային ելույթում հայտարարել Է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման պաշտոնական հետաքննության մեկնարկի մասին[8]։ Նույն օրը Սենատը ևս բանաձև է ընդունել՝ պահանջելով իրազեկիչի զեկույցը անհապաղ փոխանցել Սենատի հետախուզության կոմիտեին[9][10]։ Օգոստոսի 12-ին թվագրված զեկուցագիրը Կոնգրեսի հետախուզության կոմիտեներին է փոխանցվել միայն սեպտեմբերի 25-ին[11]։