Իսրայելի մշակույթ
From Wikipedia, the free encyclopedia
Իսրայել մշակույթ, արմատները բխում են ժամանակակից Իսրայելի անկախությունից շատ առաջ` 1948 թվականին և վերագրվում են հնագույն Իսրայելին (մ.թ.ա. 1000 թվական)։ Այն արտացոլում է Սփյուռքում հրեական մշակույթը, հրեական պատմությունը, 19-րդ դարի վերջին ստեղծված սիոնիստական շարժման գաղափարախոսությունը, ինչպես նաև Իսրայելում բնակվող արաբա-իսրայելական բնակչության և էթնիկ փոքրամասնությունների պատմությունն ու ավանդույթները, որոնց թվում են դրուզները, չերքեզները, հայերը և այլք։
Իսրայելը հրեական մշակույթի ծննդավայրն է և նրա մշակույթը ներառում է բազմաթիվ հրեական մշակութային հատկանիշներ, այդ թվում, փիլիսոփայություն, գրականություն, պոեզիա, արվեստ, դիցաբանություն, բանահյուսություն, միստիցիզմ և փառատոններ, ինչպես նաև հուդայականությունը, որը հիմնարար դեր է խաղացել քրիստոնեության և իսլամի ծագման գործում[1]։
Թել Ավիվը և Երուսաղեմը համարվում են Իսրայելի մշակութային գլխավոր կենտրոնները։ «Նյու Յորք Թայմս» թերթը Թել Ավիվը բնութագրում է, որպես «Միջերկրածովյան մայրաքաղաք», «Լոնլի Պլանետ»-ը այն ներառել է գիշերային քաղաքների լավագույն տասնյակում, իսկ National Geographic-ը այն համարել է լավագույն տաս ծովափնյա քաղաքներից մեկը[2]։
Ունենալով ավելի քան 200 թանգարաններ, Իսրայելը աշխարհում ունի մեկ շնչի հաշվով ամենամեծ թվով թանգարանները, տարեկան միլիոնավոր այցելուներով[3]։ Խոշորագույն արվեստի թանգարանները տեղակայված են Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում և Հերցլիյայում, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքներում և Կիբուցում։ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը նվագում է երկրի բոլոր բեմահարթակներում, ինչպես նաև արտերկրում և գրեթե յուրաքանչյուր քաղաք Իսրայելում ունի իր նվագախումբը, որտեղ շատ երաժիշտներ նախկին Խորհրդային Միությունից են։ Իսրայելում տարածված են ժողովրդական պարերը և Իսրայելի ժամանակակից պարային խմբերը, այդ թվում՝ Բատշևի պարային խումբը, որոնք շատ բարձր են գնահատվում պարային աշխարհում։ Հաբիմա ազգային թատրոնը հիմնադրվել է 1917 թվականին։ Իսրայելցի կինեմատոգրաֆներն ու դերասանները վերջին տարիներին մրցանակներ են ստանում միջազգային կինոփառատոններում[4][5][6]։ 1980-ական թվականներին իսրայելական գրականությունը սկսեց լայնորեն թարգմանվել և որոշ իսրայելցի գրողներ հասան միջազգային ճանաչման[7]։