Ծայրամասային զարկերակների հիվանդություն
From Wikipedia, the free encyclopedia
Ծայրամասային զարկերակների հիվանդություն (ԾԶՀ), զարկերակների ոչ նորմալ նեղացումն է, բացառությամբ սիրտը, ուղեղը սնող զարկերակների[2][15]։ Սրտի անոթների նեղանալու դեպքում կոչվում է կորոնար զարկերակների հիվանդություն, իսկ ուղեղի դեպքում կոչվում է ցերեբրովասկուլյար հիվանդություն[6]։ Ծայրամասային զարկերակների հիվանդության ժամանակ առավել հաճախ ախտահարվում են ոտքերի զարկերակները, սակայն կարող են ներառվել նաև այլ զարկերակներ[6]։ Դասական ախտանիշն է ոտքի ցավը, որը անցնում է հանգստի ժամանակ և հայտնի է որպես ընդմիջվող կաղություն[4]։ Այլ ախտանիշներից են մաշկի խոցերը, ցիանոզը, սառը մաշկը, եղունգների և մազերի ոչ նորմալ աճը ախտահարված ոտքում[5]։ Բարդություններից են վարակները, գանգրենան, որը կարող է պահանջել ամպուտացիա[6]։ Ծայրամասային զարկերակների հիվանդությունով մարդկանց 50%-ը չի ունենում ախտանիշներ[4]։
Ծայրամասային զարկերակների հիվանդություն | |
---|---|
Զարկերակային անբավարարության արդյունքում առաջացած խոց՝ ծայրամասային զարկերակների ծանր հիվանդություն ունեցող մարդու մոտ[1] | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Աթերոսկլերոզ, զարկերակների սպազմ[2][3] |
Հիվանդության ախտանշաններ | ընդմիջվող կաղություն, մաշկի խոցեր, ցիանոզ, սառը մաշկ[4][5] |
Բժշկական մասնագիտություն | Ինտերվենցիոն ճառագայթաբան, անոթային վիրաբույժ |
ՀՄԴ-10 | I73.9 |
Հոմանիշներ | Ծայրամասային անոթների հիվանդություն, ծայրամասային զարկերակային հիվանդություն, ծայրամասային զարկերակների օկլյուզիվ հիցանդություն, ծայրամասային օբլիտերատիվ արտերիոպաթիա |
Ռիսկի գործոններ | Ծխել, շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, արյան խոլեստերոլի բարձր մակարդակ[6][7]։ |
Ախտորոշում | Դուպլեքս սոնոգրաֆիա, անգիոգրաֆիա, պճեղ-բազկային ինդեքս < 0.90[8][9] |
Բուժում | Ծխելու դադարեցում, բուժական ֆիզկուլտուրա, վիրահատություն[10][11][12] |
Բարդություններ | Վարակ, ամպուտացիա[6] |
Հաճախություն | 155 միլիոն (2015)[13] |
Մահերի քանակ | 52,500 (2015)[14] |
Peripheral vascular disease Վիքիպահեստում |
Ծայրամասային զարկերակների հիվանդության առաջացման ամենամեծ ռիսկի գործոնը ծխելն է[6]։ Այլ ռիսկի գործոններից են շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը, երիկամային խնդիրները, արյան խոլեստերոլի բարձր մակարդակը[7][16]։ Ծայրամասային զարկերակների հիվանդության հիմքում ընկած ամենահաճախակի հանդիպող մեխանիզմը աթերոսկլերոզն է, հատկապես 40 տարեկանից մեծ մարդկանց մոտ[3][17]։ Այլ մեխանիզմներից են զարկերակների սպազմը, արյան մակարդուկները, վնադսվածքը, ֆիբրոմկանային դիսպլազիան, վասկուլիտները[2][16]։ Ծայրամասային զարկերակների հիվանդություն հիմնականում ախտորոշվում է պճեղ-բազկային ինդեքսի՝ 0.90-ից ցածր լինելու դեպքում, որը ոտքում եղած սիստոլիկ արյան ճնշման և ձեռքի սիստոլիկ ճնշման հարաբերությունն է[9]։ Դուպլեքս ուլտրասոնոգրաֆիան և անգիոգրաֆիան նույնպես կիրառվում են ախտորոշման համար[8]։ Անգիոգրաֆիան ավելի ճշգրիտ ախտորոշման մեթոդ է և թույլ է տալիս միաժամանակ իրականացնել բուժում, սակայն կապված է ավելի մեծ ռիսկերի հետ[9]։
Դեռևս ապացուցված չի սկրինինգի իրականացման արդյունավետությունը ծայրամասային զարկերակների հիվանդության դեպքում, քանզի դեռ համապատասխան կերպով չի ուսումնասիրվել[17][18][19]։ Ծայրամասային զարկերակների հիվանդությունով մարդկանց մոտ ծխելը դադարեցնելու և բուժական ֆիզկուլտուրա կատարելու դեպքում թուլանում է ընդմիջվող կաղությունը[11][12]։ Դեղորայքներից օգտագործվում են ստատինները, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչները և ցիլոստազոլը[12][20]։ Ասպիրնը չի օգնում թեթև վիճակներում, սակայն ավելի ծանր ընթացքի դեպքում օգտագործվում է՝ ելնելով սրտի ախտահարման բարձր ռիսկից[17][21][22]։ Հակամակարդիչները (օրինակ՝ վարֆարին) որպես կանոն օգուտ չեն տալիս[23]։ Բուժման համար կատարում են անոթային շունտավորում, անգիոպլաստիկա և արտերէկտոմիա[10]։
2015 թվականին մոտ 155 միլիոն մարդիկ ամբողջ աշխարհում ունեցել են ծայրամասային զարկերակների հիվանդություն[13]։ Հանդիպման հաճախականությունը մեծանում է տարիքի հետ[24]։ Զարգացած երկրներում այն ախտահարում է և 85-ից 90 տարեկանների 18.6%-ին[7]։ Զարգացող երկրներում այն ախտահարում է 45-ից 50 տարեկանների 4,6%-ին և 85-ից 90 տարեկանների 15%-ին[7]։ Ծայրամասային զարկերակների հիվանդությունը զարգացած երկրներում սեռերի մոտ հանդիպում է նույն հաճախականությամբ, իսկ զարգացող երկրներում կանայք ավելի հաճախ են ածտահարվում[7]։ 2015 թվականին ծայրամասային զարկերակների հիվանդության պատճառով գրանցվել է 52,000 մահ, իսկ 1990 թվականին մահերի թիվը եղել է 16,000[14][25]։