Կերակրափողի քաղցկեղ
From Wikipedia, the free encyclopedia
Կերակրափողի քաղցկեղ, ըմպանը ստամոքսին միացնող խողովականման օրգանից՝ կերակրափողից, զարգացող քաղցկեղ[1][2]։ Հաճախակի ախտանշաններից են դիսֆագիան և քաշի կորուստը[3]։ Այլ ախտանշաններից կարող են լինել ցավը կլման ժամանակ, խռպոտ ձայնը, անրակի շրջանում մեծացած ավշային հանգույցները («նշիկներ»), չոր հազը, հնարավոր է նաև արյունախխում կամ արյունային փսխում[3]։
Կերակրափողի քաղցկեղ | |
---|---|
կերակրափողի ադենոկարցինոմայի էնդոսկոպիկ պատկեր | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բուժաքննություն | Էնդոսկոպիա, CT, պոզիտրոն էմիսիոն շերտագրություն և բիոպսիա |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն, ընդհանուր վիրաբուժություն և աղեստամոքսաբանություն |
Esophageal cancer Վիքիպահեստում |
Հիվանդության 2 հիմնական ենթատիպերն են կերակրափողային տափակ-բջջային կարցինոման (հաճախ կիրառվում է կրճատ տարբերակով՝ ԿՏԲԿ), որն առավել տարածված է զարգացող երկրներում, և կերակրափողի ադենոկարցինոման (ԿԱԿ)՝ զարգացած երկրներում[1]։ Հանդիպում են նաև ավելի քիչ տարածված տեսակներ[1]։ Տափակ բջջային կարցինոման առաջանում է կերակրափողը պատող էպիթելային բջիջներից[4]։ Ադենոկարցինոման առաջանում է կերակրափողի ստորին երրորդականում առկա գեղձային բջիջներից, առավել հաճախ, երբ վերջիններս արդեն վերափոխված են լինում աղիքային տիպի (հայտնի է որպես Բարետի կերակրափող)[1][5]։ Տափակ բջջային տիպի պատճառներից են ծխախոտը, ալկոհոլը, շատ տաք ըմպելիքները, ոչ լիարժեք սննդակարգը, Արեկա ընկույզը[6][7]։ Ավելի տարածված պատճառներից են ծխելը, ճարպակալումը, թթվային ռեֆլյուքսը[6]։
Հիվանդությունը ախտորոշվում է էնդոսկոպի միջոցով (օպտիկաթելքային խցիկով) կատարվող բիոպսիայով[8]։ Ծխելը թողնելը և առողջ սննդակարգը կարող են կանխարգելել հիվանդությունը[1][3]։ Բուժումը կախված է քաղցկեղի փուլից և տեղակայումից, պացիենտի ընդհանուր վիճակից և օրգանիզմի առանձնահատկություններից[8]։ Փոքր չափի լոկալիզացված տափակ-բջջային քաղցկեղների բուժման նպատակով կարող է կիրառվել միայն վիրաբուժական միջամտություն[8]։ Մնացած շատ դեպքերում քիմիոթերապիան, ճառագայթային թերապիայի հետ համակցված կամ առանց դրա, ուղեկցում է վիրահատական բուժմանը[8]։ Ավելի մեծ չափի ուռուցքների աճը կարող է դադարեցվել քիմիա- և ճառագայթային թերապիայի շնորհիվ[1]։ Հիվանդության ծանր ձևերի դեպքում, երբ պացիենտը ի վիճակի չէ ենթարկվելու վիրահատական բուժման, խորհուրդ է տրվում անցկացնել ամոքիչ բուժում[8]։
2012 թվականի տվյալներով՝ կերակրափողի քաղցկեղը իր տարածվածությամբ զբաղեցրել է 8-րդ տեղը տարվա ընթացքում տեղի ունեցած 456,000 դեպքերի մեջ[1]։ Այդ տարի վերջինս 400,000 մահվան դեպքերի պատճառ է դարձել, իսկ մինչև 1990 թվականը՝ մինչև 345,000[1][9]։ Դեպքերի թիվը տարբեր երկրներում շատ տարբեր է, բոլոր դեպքերի համարյա կեսը տեղի են ունենում Չինաստանում[1]։ Տղամարդկանց շրջանում հիվանդության հանդիպման հաճախականությունը 3 անգամ շատ է, քան կանանց[1]։ Ելքը կախված է հիվանդության աստիճանից և ուղեկցող հիվանդությունների առկայությունից, բայց հաճախ լինում է անբարենպաստ, քանի որ ուշ է ախտորոշվում[1][10]։ 5 տարվա ապրելիություն հանդիպում է 13%-18% դեպքերում[3][11]։