Կուրություն
From Wikipedia, the free encyclopedia
Կուրություն, խիստ գիտական իմաստով՝ երկու աչքի տեսողության կայուն և անվերադարձ կորուստ, լույսը մութից տարբերելու անընդունակություն (այսպես կոչված՝ բացարձակ կուրություն, երբ տեսողությունը հավասար է 0-ի)։ Գործնական և սոցիալական իմաստով կուրությունը լայն հասկացություն է. մարդը համարվում է կույր, եթե կորցնում է շրջապատող պայմաններում կողմնորոշվելու հատկությունը և չի կարողանում առանց կողմնակի անձանց օգնության քայլել, թեկուզ լուսազգայությունը պահպանված է և կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվագծերը։ Տարբերում են կուրություն հասկացության հետևյալ ձևերը։
Կուրություն | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | blinding? |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն և ակնաբանություն |
Visual impairment Վիքիպահեստում |
Կուրությունը 2 աչքի տեսողության կայուն և անվերադարձ կորուստն է՝ լույսը մթից տարբերելու անընդունակությունը. երբ տեսողությունը հավասար է 0-ի, կոչվում է բացարձակ կուրություն։ Տարբերում են գործնականորեն կույր և արտադրական ու մասնագիտական կուրությամբ տառապող անձինք։ Գործնականորեն կույր են համարվում այն մարդիկ, ովքեր ընդունակ չեն առանց կողմնակի օգնության տեղաշարժվել և կողմնորոշվել շրջապատում՝ չնայած լուսազգայությունը պահպանված է, և կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվագծերը։ Որոշակի մարզման դեպքում այդպիսի մարդիկ կարող են (չնայած դժվարությամբ) ինքնուրույն տեղաշարժվել։ Թույլ տեսողությամբ անձանց տեսողության սրությունը տատանվում է 0,05–0,3-ի սահմաններում։ Արտադրական կուրությունը տեսողության նվազումն է մինչև այն աստիճան, որ մարդ չի կարողանում աշխատել անգամ ցանկացած օպտիկական սարքի օգնությամբ և շարունակել մասնագիտկան գործունեությունը։ Կուրությունը լինում է բնածին և ձեռքբերովի։ Բնածին կուրությունը կապված է գլխուղեղի որոշ բաժինների, տեսողական նյարդերի, աչքի ցանցաթաղանթի զարգացման խանգարումների հետ։ Ձեռքբերովի կուրությունը նախկինում առաջանում էր հատկապես ծաղիկ հիվանդությունից։ Իսկ ներկայումս դրա հաճախակի պատճառներից են աչքի ցանցաթաղանթի անոթային ախտահարումները (հատկապես շաքարային հիվանդության դեպքում), զարգացող կարճատեսությունը, աչքի ու գանգագլխուղեղային վնասվածքները, վարակիչ և մակաբուծական հիվանդությունները (օրինակ՝ տրախոման)։ Այնուհանդերձ, կուրությունը հաճախ առաջանում է գլաուկոմայի և աչքի վնասվածքների հետևանքով։ Ուստի շատ կարևոր են հատկապես արտադրական և գյուղատնտեսական վնասվածքների կանխարգելման միջոցառումները, գլաուկոմայի կանխարգելումը, ժամանակին հայտնաբերումն ու բուժումը։ Հայաստանում կազմակերպված է աչքի ծանր հիվանդություններ (գլաուկոմայի հանգեցնող) կրած անձանց դիսպանսերային հսկողություն։ Թույլ տեսնող և կույր երեխաների համար կազմակերպվում է ընդհանուր կրթություն, հատուկ դպրոցների ցանց, որտեղ կիրառվում է ֆրանսիացի մանկավարժ Լ. Բրայլի ստեղծած տպատառը (Բրայլյան գիր)։ Բոլոր երկրներում գործում են կույրերի միավորումներ, որոնք կազմակերպում են կույրերին աշխատանքի տեղավորելու, մասնագիտական ուսուցման, կրթության և աշխատանքային հարմարանքների հարցերը։ Շատ կույրեր զբաղված են նաև մտավոր աշխատանքով (ուսուցիչներ են, բուհերի դասախոսներ, գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցներ, գիտությունների թեկնածուներ ու դոկտորներ)։ Կան տաղանդավոր կույր դերասաններ, բանաստեղծներ, երգահաններ ու երգիչներ։