Հակաօքսիդանտ
From Wikipedia, the free encyclopedia
Հակաօքսիդանտ, միացություններ, որոնք արգելակում են օքսիդացումը։
Օքսիդացումը քիմիական ռեակցիա է, որը կարող է բերել ազատ ռադիկալների առաջացման, դրանով իսկ սկիզբ տալով այնպիսի շղթայական ռեակցիաների, որոնք կարող են վնասել կենդանի բջիջներին։ Հակաօքսիդանտներն, օրինակ թիոլները կամ ասկորբինաթթուն (վիտամին C) խզում են այդ շղթայական ռեակցիաները։ Օքսիդային սթրեսը կարգավորելու համար բույսերը և կենդանիներն ունեն հակաօքսիդանտային բարդ համակարգեր, որոնք սինթեզվում են օրգանիզմում, ինչպես օրինակ՝ գլյուտաթիոնը և որոշ ֆերմենտներ (օր․՝ կատալազ կամ սուպերօքսիդ դիսմուտազ), կամ էլ օրգանիզմ են թափանցում սննդի հետ միասին, ինչպես վիտամին C-ն և վիտամին E-ն։
«Հակաօքսիդանտ» տերմինը մեծամասամբ կիրառվում է երկու իրարից խիստ տարբեր խմբերի նյութերի համար. արդյունաբերական քիմիական միացությունների, որոնք ավելացվում են արտադրանքին՝ օքսիդացումը կանխելու համար, և բնական ծագում ունեցող միացությունների, որոնք առկա են սննդի և հյուսվածքների կազմում։ Առաջին խմբի նյութերն՝ արդյունաբերական հակաօքսիդանտներն, ունեն բազմապիսի կիրառություններ․ սննդի և կոսմետիկայի կազմում գործում են որպես պահպանիչներ, իսկ վառելիքների կազմում՝ որպես օքսիդացման արգելակիչներ[1]։
Ցույց չի տրվել, որ հակաօքսիդանտային սննդային հավելումները լավացնում եմ մարդու առողջությունը կամ էլ արդյունավետ են հիվանդությունների կանխարգելման գործընթացում[2]։ Բետա - կարոտինի, վիատամին A-ի և վիտամին E-ի հավելումները չունեն դրական ազդեցություն մահացության աստիճանի[3][4] կամ քաղցկեղի ռիսկի վրա[5][6]։ Բացի դրանից, սելենով կամ վիտամին E-ով հավելումը չի նվազեցնում սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը[7][8]։