Համացանցի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Համացանցի պատմությունը սկսվել է 1950-ականներին համակարգիչների մշակմամբ և համաշխարհային ցանցերի գիտական և կիրառական հասկացությունների ի հայտ գալով գրեթե միաժամանակ տարբեր երկրներում, հիմնականում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գիտական և ռազմական լաբորատորիաներում[1]։ Նմանատիպ զարգացումներ գոյություն են ունեցել նաև ԽՍՀՄ-ում, բայց դասակարգվել են զինվորականների կողմից, և Հաշվապահական հաշվառման և տեղեկատվության մշակման պետական ավտոմատացված համակարգի քաղաքացիական ցանցի նախագիծը (1959) արհեստականորեն արգելակվել է[2]։ Այնուամենայնիվ, 1978 թվականին ԽՍՀՄ-ում հայտնվում է համացանցի հետ համատեղելի ակադեմիական ցանց (X. 25), որը 1981 թվականից միացված է եղել այն ժամանակ ձևավորված միջազգային համացանցին։
Սկզբունքները, որոնց վրա կառուցված է համացանցը, առաջին անգամ կիրառվել են ARPANET ցանցում, որը ստեղծվել է 1969 թվականին ԱՄՆ-ի ռազմական DARPA գործակալության պատվերով։ Օգտագործելով ARPANET-ի մշակումները՝ 1984 թվականին ԱՄՆ ազգային գիտական հիմնադրամը ստեղծեցլ է NSFNET ցանց՝ համալսարանների և հաշվողական կենտրոնների միջև կապի համար։ Ի տարբերություն փակ ARPANET-ի, NSFNET-ի հետ կապը բավականին ազատ է եղել, և մինչև 1992 թվականը դրան միացել են ավելի քան 7500 փոքր ցանցեր, ներառյալ 2500-ը ԱՄՆ-ից դուրս։ NSFNET-ի հիմնական ցանցը առևտրային օգտագործման անցնելով, ծնվել է ժամանակակից համացանցը։
Մինչև 1980-ական թվականները համակարգչային ցանցերը հասանելի են եղել հիմնականում մասնագիտացված հաստատությունների աշխատակիցներին, իսկ 1980-ականներին անհատական համակարգիչները (հատկապես տնային համակարգիչները) սկսել են տարածվել մասնավոր օգտագործման մեջ, ինչը ստեղծել է ցանցերի զանգվածային պահանջարկ։ Եթե մասնագետները հիմնականում օգտագործում էին ցանցերը հետազոտական և արտադրական առաջադրանքների համար, ապա անհատները, առաջին հերթին, հետաքրքրություն էին ցուցաբերում անձնական հաղորդակցության և իրենց ԱՀ (անհատական համակարգիչ)-ների համար հանրաճանաչ տեքստեր և այլ ֆայլեր ստանալու նկատմամբ։ Առաջին զանգվածային ցանցային տեխնոլոգիան, որը լուծեց այս խնդիրները, էլեկտրոնային փոստն էր, որի հիման վրա 1980 թվականին ստեղծվեց առաջին զանգվածային համակարգչային տեղեկատվության փոխանակման համաշխարհային ցանցը՝ Usenet-ը։