Հավասարաչափ տեմպերացված լարվածք
From Wikipedia, the free encyclopedia
Հավասարաչափ տեմպերացված լարվածք (գերմ.՝ gleichschwebende Temperatur, gleichschwebende Stimmung), լարվածք, որում օկտավան բաժանվում է 12 հավասար կիսատոների, տվյալ լարվածքում պյութագորասյան կոմման հավասարապես բաժանված օկտավայի մեջ մտնող 12 հնչյունների միջև, որի հետևանքով 12-րդ կվինտան դեպի վեր՝ սի դիեզը, իսկ դեպի վար՝ ռե դուբլ-բեմոլը համընկնում են դո-ի հետ, համընկնում են նաև բոլոր դիատոնիկ և խրոմատիկ կիսատոներն, այսինքն՝ բոլոր էնհարմոնիկ հնչյունները (ֆա-ֆա դիեզը և ֆա-սոլ բեմոլը հավասար կիսատոներ են, որովհետև այդ լարվածքում ֆա դիեզը էնհարմոնիկորեն հավասար է սոլ բեմոլին)[1][2]։
Հավասարաչափ տեմպերացված լարվածքում բոլոր նույնանուն ինտերվալները (բոլոր մեծ տերցիաները կամ բոլոր փոքր սեքստաները) հավասար են։ Հավասարաչափ տեմպերացված լարվածքում միայն օկտավան է լարված մաքուր, այսինքն այնպես, ինչպես բնական ձայնաշարում, իսկ մնացած բոլոր ինտերվալները «տեմպերացված» են, այսինքն՝ աննշան փոքրացված կամ մեծացված են (օրինակ բոլոր կվինտաները փոքրացված են ամբողջ տոնի 1/108 մասով, իսկ կվարտաները նույնքան մեծացված են), բոլոր տեմպեացված հնչյուններն այնքան քիչ են տարբերվում բնականներից, որ նույնիսկ լավ լսողություն ունեցողների համար աննկատելի են և երաժշտական տեսակետից՝ միանգամայն ընդունելի[3][4]։
Հնչյունների այդ աննշան անճշտությունների փոխարեն Հավասարաչափ տեմպերացված լարվածն անսպառ հնարավորությւոններ է բացել երաժշտական արվեստի զարգացման ու ծաղկման համար, որի հետևանքով լայն տարածում է գտել և հաստատվել որպես ժամանակակից մասնագիտական երաժշտության առավել կատարյալ ու միակ լարվածքը[5]։