Հին Եգիպտոսի գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Հին Եգիպտոսի գրականություն, եգիպտերենով գրված Հին Եգիպտոսի փարավոնյան շրջանից մինչև Հռոմեական տիրապետության վերջի գրականությունը։ Շումերական գրականության հետ համարվում է աշխարհի առաջին գրականությունը[1]։
Հիերոգլիֆները և հիերատիկ գրերը առաջին անգամ հին Եգիպտոսում հայտնվել են մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին փուլում։ Հին թագավորության ժամանակաշրջանում (մ. թ. Ա. XXVI—XXII դ.) գրական ստեղծագործության մեջ էին մտնում դամբանական տեքստերը, նամակները, կրոնական օրհներգերն ու բանաստեղծությունները և հիշարժան ինքնակենսագրական տեքստերը, որոնք պատմում էին ականավոր մարդկանց կյանքի մասին։ Միայն Միջին թագավորության (մ. թ. Ա. XXI—XVII դար) սկզբում է ստեղծվել պատմողական գրականությունը։ Դա, Ռ. Բ. Պարկինսոնի խոսքերով ասած, «միջոցների հեղափոխություն» էր, և նկատվեց գրողների մտավոր դասի բարձրացում, նոր մշակութային զգացմունքներ, գրագիտության աննախադեպ մակարդակ (գրագետ էր ամբողջ բնակչության մեկ տոկոսը) և գրավոր նյութի ավելի մատչելիության արդյունք[2]։ Գրական ստեղծագործությունը պատկանում էր գրողների այնպիսի դասի, որոնք աշխատում էին արխիվներում, դիվանատներում և իշխող փարավոնի բակում։
Միջին եգիպտերենը՝ Միջին թագավորության բանավոր խոսքը, դարձավ դասական լեզու Նոր թագավորության ժամանակ (Մ. թ. Ա. XVI—XI դդ.), և եգիպտական լեզուն առաջին անգամ հայտնվեց գրավոր տարբերակով։ Նոր Թագավորության գրիչները կանոնիկացրել և վերաշարադրել են շատ գրական տեքստեր միջին եգիպտական լեզվով, որը, որպես այդպիսին մնաց սուրբ հիերոգլիֆիկ տեքստերի բանավոր ընթերցանության համար օգտագործվող լեզու։ Միջին թագավորության ժամանակաշրջանի գրականության որոշ ժանրեր, ինչպես, օրինակ, խրատներն ու պատմությունները, հայտնի են դարձել Նոր թագավորությունում։ Առավել տարածված և հայտնի պատմություններից էին «Սինուհեթի պատմությունը», «Պերճախոս գյուղացին» և այլն։ Նոր թագավորության ժամանակաշրջանում ծաղկում են ապրում գրականության նոր ժանրեր, ինչպես, օրինակ, գրաֆիտիները՝ տաճարների և դագաղների պատերին, բայց ոչ միայն պատկերներով, այլև կաղապարային արտահայտություններով (ֆրազ)։ Հեղինակային իրավունքը կարևոր էր միայն որոշ ժանրերում, մինչդեռ ուսմունքի կամ կրոնական տեքստերը գրվել են կեղծանուններով և կեղծ վերագրումով՝ հայտնի պատմական գործիչներին։ Մարգարեական տեքստի ժանրը վերածնվել է միայն հելլենիստական Եգիպտոսում (մ. թ. Ա. IV—III դար)։
Հին եգիպտական տեքստերը գրվում էին պապիրուսների, կրաքարային, կերամիկական օստրակոնների, փայտե գրատախտակների, մոնումենտալ քարե շենքերի և նույնիսկ դագաղների վրա։ Մինչ օրս պահպանված տեքստերը ներկայացնում են հին Եգիպտոսի գրական ժառանգության միայն մի փոքր մասը։ Նեղոս գետով պայմանավորված խոնավ կլիման չի նպաստել պապիրուսների և արձանագրությունների պահմանմանը։ Սակայն եգիպտական քաղաքակրթության ամայի ծայրամասերում գտնվող բնակավայրերում հնագետները հազարավոր տարիներ անց հայտնաբերել են գրականության բազմաթիվ գաղտնի պահեստներ։