Հին Հունաստան
From Wikipedia, the free encyclopedia
Հին Հունաստան (հին հունարեն՝ Αρχαία Ελλάδα), քաղաքակրթությունների համալիր, որն ընդգրկել է Եգեյան ծովն իր կղզիներով, Բալկանյան թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը[1]։ Անտիկ ժամանակների Հունաստանի պատմությունը հույն ժողովրդի դարավոր պատմության վաղ շրջափուլն է, որը ներառել է հունական մութ դարերից մինչև դասական ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածը[2]։ Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում, իսկ մարդկանց բնակության վերաբերյալ ամենահին գտածոները մոտ 270,000 տարվա հնության են։ Դրանք գտնվել են հյուսիսային Հունաստանի Մակեդոնիա նահանգի Պնտրանոլա քարանձավում[3]։ Հին Հունաստանի քաղաքակրթության առաջին խոշոր տարբերափուլը Կիկլադյան քաղաքակրթության ժամանակահատվածն է[4]։ Այն տարածված է եղել մ.թ.ա. 3-2-րդ դարերում Կիկլադյան կղզիներում։ Պատմական Հունաստանի տարածքում ձևավորված առաջին խոշոր պետական կազմավորումը եղել է Կրետեի ծովապետությունը[5], որի հիմնադրումից որոշ ժամանակ անց Հունաստանը թևակոխել է Մինոսյան քաղաքակրթության շրջափուլ[6]։ Մ․թ․ա․ 3-րդ դարում Կրետեն մասնատվում է և վերջինիս տրոհման հետևանքով առաջանում են մի շարք քաղաք-պետություններ։ Դրանք շուտով միավորվում է Կնոսոսի շուրջ, որն էլ իր հզորության գագաթնակետին է հասնում Մինոս արքայի կառավարման տարիներին[7]։
Անտիկ Հունաստանի բրոնզեդարյան պատմության վերջին փուլը Միկենյան քաղաքակրթության ժամանակահատվածն է[8]։ Միկենյան Հունաստանը ունեցել է զարգացած քաղաքակրթություն` շքեղ նահանգներով և քաղաքային կազմավորումներով, ինչպես նաև վեհաշուք արվեստով և կայուն գրային համակարգով[8]։ Հունական ավանդության համաձայն՝ այս շրջանում է տեղի ունեցել Միկենեի թագավոր Ագամեմնոնի գլխավորած աքքայական թագավորների դաշնակցային պատերազմը Տրոյայի դեմ[9][10]։ Միկենյան Հունաստանն անկում է ապրել Արևելյան Միջերկրականում բրոնզեդարյան մշակույթի վերացումից հետո։ Դրան հաջորդել է Հունաստանի մութ ժամանակաշրջանը[11], որն այդ շրջանում ստեղծագործող նշանավոր գրողներից մեկի՝ Հոմերոսի, պատվին կոչվում է Հոմերոսյան[12]։ Մ․թ․ա․ 9-րդ դարը նշանավորվում է պոլիսային համակարգի կազմավորմամբ։ Հունաստանի կենտրոնական պոլիսը համարվում էր Աթենական պոլիսը[13][14], որը թե՛ իր տնտեսական հզորությամբ և թե՛ ռազմականորեն գերազանցում էր մյուս քաղաք-պետություններին։ Մ․թ.ա. 8-րդ դարից մինչև մ.թ.ա. 5-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածը հայտնի է Արխաիկա անվանումով[15]։ Մ․թ․ա․ 6-րդ դարում օրենսգիր Կլիսթենեսը վերացնում է Պիսիստրատոսի տիրանին և սպարտացիների օգնությամբ մ.թ.ա 510 թվականին հռչակում արքոնտ։ Արդյունքում՝ ավելի քան երկուս ու կես հազարամյակ առաջ Աթենքում ստեղծվում է ժողովրդավարական իշխանություն։ Մ.թ.ա. 499-449 թվականների հույն-պարսկական պատերազմներն ավարտվում են հույների փայլուն հաղթանակով[16]։ Հենց այս հաղթանակն էլ հակասություններ է առաջացնում հունական պոլիսների միջև և սկսվում է Պելոպոնեսյան երկրատև և արյունարբու պատերազմները։ Հետագա տասնամյակներում հունական հասարակությունը ընկղմվում է խոր քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ, որն էլ մ․թ․ա․ 4-րդ դարի երկրորդ կեսին հանգեցնում է մակեդոնական նվաճման։ Դրանից հետո մարդկության պատմության մեջ սկսվում է հելլենիզմի դարաշրջանը (Ալեքսանդր Մակեդոնացու կողմից գրավված տարածքներում հունական լեզվի և մշակույթի գերակայություն), որին հաջորդում են հռոմեական նվաճումները։
Հին Հունաստանը համարվում է արևմտյան քաղաքակրթության, ժողովրդավարության, փիլիսոփայական գիտության և թատրոնի բնօրրանը[17]։ Առաջին անգամ՝ մ․թ․ա․ 776 թվականին, այստեղ է վառվել և մարդկության սեփականությունը դարձել Օլիմպիական կրակը[18]։ Հին հունական ճարտարապետության ազդեցությունն առկա է աշխարհի տարբեր ծայրերում[19]։ Դրա վառ նմուշներից է ներկայիս Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնում վեր խոյացող Ակրոպոլիսի հնագիտական համալիրը[20], որի մարգարիտն է հանդիսանում Պարթենոնի հեթանոսական տաճարը։ Բարձր դասական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից էր քանդակագործ Ֆիդիասը, ով Աթենքում կերտել է Զևսի արձանը՝ անմահացնելով իր անունը։ Եվ պատահական չէ, որ Հին աշխարհի յոթ հրաշալիքներից երեքը (Արտեմիսի տաճարը, Զևսի արձանը և Հռոդոսի կոթողը) ժամանակին գտնվել են Հունաստանում։ Հունական փիլիսոփայության դասական ժամանակաշրջանն ավանդաբար կապված է Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելի անվան հետ։ Հին Հունաստանում են ծնվել և գործունեություն ծավալել նաև այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Սողոնը, Պլուտարքոսը, Հիպոկրատը, Արքիմեդեսը, քարտեզագետ Միլեթը, պատմաբաններ Հերոդոտոսը և Քսենոփոնը։ Այդ ժամանակաշրջանում Հին Աթենքը դառնում է համաշխարհային փիլիսոփայության[21] կենտրոն։ Հին Հունաստանում են ստեղծվել անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր ստեղծագործությունները՝ «Իլիականն» ու «Ոդիսականը», որոնք հունական էպոսի հետ կապված պոեմներ են և պատմում են Տրոյական պատերազմի մասին։ Այս աշխատությունների հեղինակը կույր բանաստեղծ Հոմերոսն էր, իսկ նույն շրջանում ստեղծագործող մեկ այլ պատմիչ Հերոդոտոսը մարդկությանը հայտնի է «Պատմության հայր» պատվանմամբ։ Հունաստանում են ծնվել և ստեղծագործել թատերական արվեստի նահապետներ հանդիսացող ողբերգակներ Էսքիլեսը, Սոփոկլեսը, Եվրիպիդեսը, ինչպես նաև նշանավոր կատակերգակ Արիստոփանեսը։ Հին հունական մշակույթի անբաժանելի մասն է կազմում դիցաբանությունը։ Հին հույները հեթանոս էին և հավատում էին բազմաթիվ աստվածների՝ վերջիններիս հետ կապելով աշխարհաստեղծումն ու մի շարք այլ բնական երևույթներ։ Համարվում էր, որ աստվածների հայր Զևսը և նրա կին Հերան ղեկավարում են աստվածների ընտանիքը, որոնց պանթեոնը գտնվում է հույների սուրբ լեռան՝ Օլիմպոսի վրա։ Այդ ընտանիքի անդամներն էին Ապոլոն, Արտեմիս, Աթենաս Պալլաս, Արես, Պոսեյդոն, Հերմես, Դիոնիսոս, Դեմետրա, Պլուտոն և Պերսեփոնե աստվածներն ու աստվածուհիները։ Հին հույներն աստվածների և ժամանակի հերոսների մասին ստեղծել են առասպելներ, որոնց հիման վրա էլ առաջացել է ժողովրդական բանահյուսությունը։