Ձեռքբերովի իմունիտետ
From Wikipedia, the free encyclopedia
Ձեռքբերովի իմունիտետ (առավել հազվադեպ՝ յուրահատուկ իմունիտետ), պաշտպանական մեխանիզմ, որի ժամանակ կենդանի օրգանիզմը կյանքի ընթացքում իմունիտետ է ձեռք բերում օրգանիզմ ներթափանցած նոր ախտածնի (մանրէ, վիրուս, թույն և այլն) նկատմամբ։ Այն բնածին իմունիտետի հետ պայմանավորում է իմունային համակարգի ամբողջական պատասխանը։
Ձեռքբերովի իմունային համակարգը կազմված է մասնագիտացված բջիջներից ու մեխանիզմներից, որոնք քայքայում կամ կանխում են հարուցիչների (ախտածին, պաթոգեն) զարգացումը։ Հարուցչի հետ փոխազդեցության արդյունքում ձեռքբերովի իմունիտետի շնորհիվ ստեղծվում է իմունոլոգիական հիշողություն, որի արդյունքում օրգանիզմն անընկալունակ է դառնում այս նոր ախտածնի նկատմամբ։ Ձեռքբերովի իմունիտետը հանդիսանում է վակցինացման (պատվաստում) հիմքը։ Բնածին իմունային համակարգի նման, ձեռքբերովի իմունիտետը իրագործվում է պաշտպանական հումորալ և բջջային գործոններով[1]։
Ի տարբերություն բնածին իմունիտետի, ձեռքբերովին խիստ մասնագիտացված է որոշակի ախտածնի նկատմամբ։ Որոշ դեպքերում ձեռքբերովի իմունային համակարգն անկարող է լինում տարբերակել օտարածին մարմինը կամ մոլեկուլը։ Սրա արդյունքներից են՝ խոտային տենդը, ասթման կամ այլ տեսակի ալերգիաները։
Ձեռքբերովի իմունիտետի պաշտպանության հումորալ և բջջային մեխանիզմներն իրականացվում են T և B լիմֆոցիտներով։ Հակածնի առկայության դեպքում B լիմֆոցիտները վերածում են պլազմային (պլազմատիկ) բջիջների, որոնք հակածնի չեզոքացման նպատակով արտադրում են հակամարմիններ (իմունոգլոբիններ)։ Հակամարմիններն արյան հունով տարածվում են և չեզոքացնելով հակածնին, կանխում են նրա և թիրախ բջիջների հանդիպումը[2]։
Ձեռքբերովի իմունիտետի դեպքում ախտածնի նկատմամբ յուրահատուկ ընկալիչները «ձեռք են բերվում» կյանքի ընթացքում՝ օրգանիզմի և հարուցչի հանդիպման հետևանքով, մինչ դեռ բնածին իմունիտետի դեպքում այդ ընկալիչները ծննդյան պահից արդեն առկա։
Ձեռքբերովի իմունային համակարգը բավականին հարմարվող (ադապտացվող) է մարմնական հիպեմուտացիայի[3][4] (մարմնական՝ սոմատիկ բջիջների արագացված մուտացիա) և V(D)J վերախմբավորման (հակածնի ընկալչի գենի հատվածի անվերադարձ գենային վերախմբավորում) շնորհիվ[5]։ Այս մեխանիզմը թույլ է տալիս սակավաթիվ գեներին ստեղծել մեծ թվով հակածնային ընկալիչներ, որոնցից յուրաքանչյուրն այնուհետև ներկայացվում են առանձին լիմֆոցիտների վրա։ Քանի որ գենի վերակազմավորումը յուրաքանչյուր բջջում հարուցում է ԴՆԹ-ի անվերադարձ փոփոխություն, բոլոր բջիջների հետագա սերունդները ժառանգում են այն գեները, որոնք կոդավորում են նույն ընկալիչները, ներառյալ հիշողության B բջիջներն ու հիշողության T բջիջները, որոնք ողջ կյանքի ընթացքում հանդիսանում են յուրարհատուկ անընկալունակության հիմքը[6]։
Ձեռքբերովի իմունային համակարգի աշխատանքի սկզբունքները բացատրվում են իմունային ցանցի տեսությամբ։ Այս տեսությունը, որը հիմնված է կլոնային ընտության սկզբունքների վրա, կիրառվում է ՄԻԱՎ-ի վակցինայի ստացման համար։