Մասնակից:Tigranuhi2019/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ճապոնիա (ճապ.՝ 日本; Nippon կամ Nihon, նախկինում՝日本国 Nippon-koku (օգնություն • ինֆո) կամ Nihon-koku), կղզային պետություն Արևելյան Ասիայում։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ Ասիա մայրցամաքի արևելյան ափին։ Հյուսիսում Օխոտի ծովից ձգվում է մինչև Արևելաչինական ծով, իսկ հարավում՝ մինչև Ֆիլիպինյան ծով։
Ճապոնիա անունը (ճապ՝ kanji) նշանակում է «արևի ծագում» կամ «ծագող արևի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային կղզիներից։ Ամենամեծ չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկոկուն և Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ 97%-ը: Պետությունը 8 շրջաններում կազմված է 47 նահանգներից։ Հոկայդոն հյուսիսային նահնագն է, իսկ Օկինավան՝ հարավայինը։ Այն աշխարհում 10-րդ տեղն է զբաղեցնում իր 127 մլն բնակչությամբ, որոնցից 98.5%-ը էթնիկ ճապոնացիներն են։ Մարդկանց 90.7%-ը բնակվում է քաղաքներում, մինչդեռ 9.3%-ն ապրում է գյուղերում: Մոտ 13.8 մլն մարդ ապրում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: «Մեծ Տոկիոն» աշխարհում ամենախիտ բնակեցված մետրոպոլիտենային քաղաքն է ավելի քան 38 մլն բնակչությամբ:
Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսած վերին պալեոլիթից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները, սկսած առաջին դարից, հանդիպում են չինական պատմական տեքստերում։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացված շրջան՝ գտնվելով մասնավորապես Չինաստանի և Արևմտյան Եվրոպայի ազդեցության տակ։
Սկսած 12-րդ դարից՝ Ճապոնիան ղեկավարվել է զինվորական-ավատատեր սյոգունների կողմից, որոնք ենթարկվում էին կայսրին: 17-րդ դարի սկզբերին Ճապոնիայում սկսվեց մեկուսացված շրջան, որն ավարտվեց միայն 1853 թվականին, երբ Միացյալ Նահանգները ստիպեց Ճապոնիային բացել արևմտյան սահմանները: Մոտ երկու տասնամյակ տևած ապստամբությունների և խռովությունների արդյունքում 1868 թվականին արքունիքը Չոշյու, Սացումա և այլ տոհմերի աջակցությամբ կարողացավ վերականգնել իր քաղաքական դիրքը, և ստեղծվեց Ճապոնիայի Կայսրությունը: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին առաջին չին-ճապոնական, ռուս-ճապոնական և Առաջին համաշխարհային պատերազմներում տարած հաղթանակները թույլ տվեցին Ճապոնիային ընդլայնել սեփական կայսրությունը: 1937 թվականին սկսվեց երկրորդ չին-ճապոնական պատերազմը և իր շարունակությունն ունեցավ 1941 թվականի երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որն ավարտվեց 1945 թվականին: 1947 թվականի մայիսի 3-ին դաշնակից ուժերի կողմից Ճապոնիայի օկուպացման ընթացքում կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք պահպանվել են: Ճապոնիան շարունակեց մնալ սահմանադրական միապետություն, որն ունի կայսրը և ընտրովի օրենսդիր մարմին, որը կոչվում է Ճապոնիայի Խորհրդարան։
Ճապոնիան անդամակցում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցացիային, Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը, «Մեծ յոթնյակին», «Մեծ ութնյակին» և «Մեծ քսանյակին»։ Ճապոնիայի տնտեսությունը ըստ անվանական ՀՆԱ-ի աշխարհում 3-րդն է իր մեծությամբ, իսկ գնողունակության համարժեքությամբ՝ 4-րդը: Այն նաև աշխարհի 4-րդ խոշորագույն ներկրողն ու արտահանողն է։
Ճապոնիան շահույթ է ստանում բարձրակարգ և կրթված աշխատուժից, բնակչության բարձր կրթական մակարդակով համարվում է աշխարհի առաջատար պետություններից մեկը[1]։ Չնայած Ճապոնիան պաշտոնապես հրաժարվել էր պատերազմ հայտարարելու իր իրավունքից՝ այն աշխարհում 8-րդն է ռազմական բյուջեի[2] մեծությամբ, որն օգտագործվում է ինքնապաշտպանության և խաղաղության պահպանման նպատակով։ 2015 թվականի տվյալներով Ճապոնիան համարվում է աշխարհի ամենահզոր ռազմական ուժ ունեցով 4-րդ երկիրը: Այն զարգացած պետություն է՝ ապրելու բարձր կենսամակարդակով և մարդկային զարգացման բարձր ցուցանիշով: Առաջինն է բնակչության կյանքի միջին տևողության ցուցանիշով և 3-րդը՝ մանկական մահացության ցածր ցուցանիշով: Սակայն վերջին տարիներին ծերացող բնակչության և ցածր ծնելիության խնդիր է առաջացել: Ներկայումս Ճապոնիան աշխարհին ներկայանում է իր պատմական և լայն տարածում գտած կինոարվեստով, ազդեցիկ երաժշտական ինդուստրիայով, անիմեով, վիդեոխաղերով, հարուստ խոհանոցով և ժամանակակից տեխնոլոգիաների ու գիտության մեջ իր նվաճումներով[3][4]: