Մարիներ (ծրագիր)
From Wikipedia, the free encyclopedia
Մարիներ (անգլ.՝ Mariner, բառացիորեն՝ նավաստի), Արեգակնային համակարգի մոլորակների (Վեներա, Մարս, Մերկուրի) և միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանների և նրանց մշակման ու արձակման ծրագրերի անվանումը։ Մարիներ ծրագրով աշխատանքները սկսվել են 1960 թվականին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարիներ (այլ կիրառումներ)
Արձակվել են ՆԱՍԱ-ի կողմից 1962-ից մինչև 1973 թվականները։ Մարիներներ 1-7 և 10 անցումային սարքեր էին, իսկ Մարիներ-8 և Մարիներ-9 պետք է դառնային Մարսի արհեստական արբանյակները։ Ընդհանուր առմամբ արձակվել են Մարիներ սերիայի 10 տիեզերական սարք։
Սարքերի մեծ մասը արձակվում էին զույգերով, անհաջողության ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Մարիներ սերիայի սարքերից երեքը վթարային արձակում ունեցան, կորսված են Մարիներ-1,3,8։ Մնացած բոլոր Մարիներները կատարել են թռիչքների ծրագրերը։
Մարիներ ծրագրի սարքերը նախագծվել, կառուցվել և փորձարկվել են Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (Jet Propulsion Laboratory կամ կրճատ JPL) կողմից։ Առանձին հանգույցների նախագծումն ու կառուցումը իրականացվել է տարբեր արտադրական կազմակերպությունների կողմից։ Գիտական սարքավորումների նախագծման ընթացքում մասնակցել են նաև ուսումնական հաստատություններ։
Մարիներ կայանների վրա տեղակայված էին արևային մարտկոցներ, մագնիսական դաշտերի չափման և լիցքավորված մասնիկների գրանցման գիտական սարքավորումներ, ինչպես նաև հեռուստախցիկներ (Վեներայի ուսումնասիրություն իրականացնող Մարիներների վրա հեռուստախցիկներ չէին տեղադրվել)։