Նեսվիժի ամրոց
From Wikipedia, the free encyclopedia
Նեսվիժի ամրոց (բելառուս․՝ Нясві́жскі замак), ամրոց-պալատական համալիր, որը գտնվում է Բելառուսի Մինսկի մարզի Նեսվիժ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում։ Հիմնադրվել է 1583 թվականին իշխան Ռաձիվիլ Սիրոտկայի կողմից։ Նախկինում այդ վայրում եղել է փայտե ամրոց (1533 թվական)։ Ներկայիս ամրոցի շինարարությանը մասնակցել է իտալացի ճարտարապետ Ջովաննի Բերնարդոնին[1]։ 16-ից 20-րդ դարերում Ռաձիվիլ իշխանների նստավայրն էր։ Կազմված է դղյակից, պաշտպանական կառույցներից և այգուց։
Նեսվիժի ամրոց բելառուս․՝ Нясві́жскі замак | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | Ամրոց |
Տեղագրություն | Եվրոպա |
Հասցե | Նեսվիժ քաղաք |
Վարչական միավոր | Մինսկի մարզ |
Գտնվում է ափին | Ուշա գետի ափին |
Երկիր | Բելառուս |
Համալիրի մաս | Architectural, Residential and Cultural Complex of the Radziwill Family at Nesvizh? |
Կառուցված | 17․05․1583 թվական |
Ճարտարապետ | Ջովաննի Մարիա Բերնարդոնի |
Պատվիրող | Նիկոլայ Քրիստափոր Սիրոտկա Ռաձիվիլ |
Շինանյութ | սրբատաշ քար |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Ընթացիկ սեփականատեր | House of Radziwiłł? |
Կայք | niasvizh.by |
Niasviž Castle Complex Վիքիպահեստում |
Նեսվիժի ամրոցը Բելառուսի բաստիոնատիպ պաշտպանողական ամրոցների նախատիպն է։ Կառուցման պահին այն համարվել է ամենահզորներից մեկն ու այդ տիպի կառույցների մեջ առաջադեմը։ Ունեցել է հրետանային ու այլ տեսակի զենք-զինամթերքի հսկայական զինանոց[2]՝ մի քանի դար շարունակ պահպանելով իր ռազմավարական նշանակությունը։ Ռաձիվիլների մասնավոր բանակի կենտրոնակայանն էր[3]։
Ամրոցի ճարտարապետական հորինվածքի և կառուցվածքի մեջ նկատելի է ընդհանուր համաչափություն։ 18-րդ դարում զգալիորեն վերակառուցվել է համալիրի կենտրոնական շինությունը, որն առանձնանում է իր ճարտարապետական և գեղարվեստական լուծումներով։ Որմնասյուները, ռելիեֆի դեկորացիաները, քանդակագործական զարդանախշերը շինության ճակատային մասին հաղորդում են պլաստիկություն, իսկ ճակտոնի հարուստ դեկորները` շքեղություն և հանդիսավորություն։
Կենտրոնական շինության ետնմասում կա պատշգամբով երկհարկանի կառույց, որի երկու անկյուններում աշտարակներ են։ Երկրորդ հարկի արևելյան ութանկյուն աշտարակի վրա իշխանի մատուռն է, որը ծածկված էր դեկորատիվ փոքրիկ գմբեթով։
Ամրոցի մուտքի կամարակապ աշտարակը կառուցված է կամրջի մոտ՝ բելառուսական ճարտարապետությանը բնորոշ մուտքի դարպասների ոճով։ Կամարը վերածվում է թունելի, որը հատվում է հողապատնեշին և դուրս է գալիս կենտրոնական մասնաշենքի դիմացի բակը։
Պալատն ունի տարբեր չափերի աշտարակներով կառուցված շինություն է[4]։
Մի շարք վերակառուցումներից հետո միջնադարյան դղյակը ստացել է ընդարձակ բակով պալատական համալիրի տեսք։ Այն կրում է ճարտարապետական տարբեր ոճերի համադրություն[3]։
Ներկայումս Նեսվիժի ամրոցի ճարտարապետական համալիրը պատմամշակութային թանգարան-արգելոց է։ 2005 թվականին Ֆարնիի եկեղեցու հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։