Նվենի
From Wikipedia, the free encyclopedia
Նվենի, էվկալիպտ (լատին․՝ Eucalyptus), տենդածառ, մրտենազգիների ընտանիքի մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։ Բուսական աշխարհի հսկաներն են, երկրագնդի ամենաբարձր (մինչև 100 մ և ավելի) և արագ աճող ծառերը։ Տերևների ձևը և դասավորությունը (կախված տարիքից) տարբեր է, սակայն միշտ ամբողջական են, հոտավետ, ունեն եթերայուղեր արտադրող գեղձիկներ։ Ծաղիկները կանոնավոր են, երկսեռ՝ հովանոցանման ծաղկաբույլում կամ հուրանում հավաքված, հազվադեպ՝ մեկական։ Պտուղը 3-5 փեղկանի տուփիկ է։ Հայտնի է 525 տեսակ՝ տարածված Ավստրալիայում և մոտակա կղզիներում։ Կովկասի սևծովյան ափերին, մշակվում է 30 տեսակ․ Հայաստանում՝ Երևանում, 2 տեսակ՝ Eucalyptus viminalis և Eucalyptus cinerea։ Նվենիներն ունեն բարձր դեկորատիվ նշանակություն, չորացնում են խոնավ հողերը։ Կեղևից ստանում են դաբաղանյութեր, տերևներից ու երիտասարդ ընձյուղներից՝ եթերայուղեր։ Նվենու թուրմը և յուղը օգտագործվում է օծանելիքի արտադրությունում, բժշկության մեջ որպես հականեխիչ և հակաբորբոքային միջոց, բնափայտը՝ վագոնաշինության և նավաշինության մեջ։
Նվենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մրտենածաղկավորներ (Myrtales) |
Ընտանիք | Մրտենազգիներ (Myrtaceae) |
Ենթաընտանիք | Մրտենայիններ (Myrtoideae) |
Տրիբա | Eucalypteae |
Ցեղ | Նվենի (Eucalyptus) L'Hér., 1789 |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |