Ուժերի հավասարակշռություն
From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային հարաբերություններում ուժերի հավասարակշռությունը համաշխարհային ազդեցության բաժանումն է ուժային առանձին կենտրոնների՝ բևեռների միջև։ Այն կարող է լինել երկբևեռ, բազմաբևեռ և այլն[1]։ Ուժերի հավասարակշռության հիմնական նպատակն է կանխել պետության կամ երկրների խմբի գերիշխումը միջազգային համակարգում, ապահովել միջազգային կարգի պահպանումը[2]։
Ուժերի հավասարակշռությունը քաղաքական ռեալիզմի և նեոռեալիզմի տեսության հիմնական հասկացություններից մեկն է։ Այս պարադիգմների ներկայացուցիչները այն համարում են միջազգային հարաբերությունների համակարգի կայունացման հիմնական ճանապարհը, միջազգային կարգի և անվտանգության հիմքը[3]։ Ուժերի հավասարակշռությունը միջազգային հարաբերություններում, ազգերի կամ ժողովուրդների խմբի դիրքը և քաղաքականությունն է, որոնք իրենց պաշտպանում են մեկ այլ ազգի կամ ժողովուրդների խմբից`հավասարեցնելով իրենց ուժերը մյուս կողմի հետ։ Պետությունները կարող են ուժերի հավասարակշռության քաղաքականություն վարել երկու եղանակով՝ ավելացնելով սեփական ուժերը, ինչպես օրինակ, ներգրավվելով սպառազինության մրցավազքում, մրցակցային տարածքի ձեռքբերման մեջ, կամ ավելացնելով սեփական ուժերը՝ ի հակադրություն այլ պետությունների, ինչպիսին է դաշինքային քաղաքականություն վարելը[4]։
Ուժերի հավասարակշռությունը հաճախ վճռական դեր է խաղում դիվանագիտության մեջ. տասնվեցերորդ դարից ի վեր եվրոպական գործերում «հավասարակշռության» պահպանումը համարվել է որպես քաղաքականության հիմնասյուն։