Սիրողական աստղագիտություն
From Wikipedia, the free encyclopedia
Սիրողական աստղագիտություն, նախասիրություն, որի սիրահարները վայելում են երկնային մարմինների դիտումն ու պատկերումը, օգտագործելով իրենց անզեն աչքը, հեռադիտակ կամ աստղադիտակ։ Չնայած գիտական հետազոտումը նրանց գլխավոր նպատակը չէ, որոշ սիրողական աստղագետներ աջակցում են քաղաքացիական գիտությանը՝ դիտելով փոփոխական աստղեր[1], կրկնակի աստղեր[2], արևաբծեր[3], աստղերի ծածկում՝ օկուլտացում լուսնից[3], աստղակերպեր[3], ժամանակավոր աստղագիտական երևույթներ՝ գիսաստղեր, գալակտիկական նոր աստղեր[4] կամ գերնոր աստղեր[4] այլ գալակտիկաներում[2]։
Սիրողական աստղագիտություն | |
---|---|
Տեսակ | հոբբի |
Մասն է | աստղագիտություն |
Amateur astronomy Վիքիպահեստում |
Սիրողական աստղագետների եկամտի հիմնական աղբյուրը աստղագիտությունը չէ, նրանք չունեն աստղաֆիզիկայի մասնագիտական որակավորում կամ ակադեմիական պատրաստություն։ Նրանց մեծ մասը սիրողական է, իսկ մյուսները աստղագիտության մեծ փորձ ունեն և հաճախ կարող են աջակցել և աշխատել պրոֆեսիոնալ աստղագետների կողքին[3]։ Շատ աստղագետներ պատմության ընթացքում ուսումնասիրել են երկինքը սիրողական շրջանակներում, սակայն քսաներորդ դարի սկզբից ի վեր պրոֆեսիոնալ աստղագիտությունը դարձել է մասնագիտություն, որը հստակորեն տարբերվում է սիրողական աստղագիտությունից և դրա հետ կապված նախասիրություններից։
Սիրողական աստղագետները սովորաբար գիշերն են նայում երկնքին, երբ երկնային մարմիններն ու աստղագիտական երևույթները տեսանելի են, բայց մյուսներն էլ դիտում են ցերեկը՝ նայելով արևին ու երբեմն էլ դրա խավարմանը։ Ոմանք նայում են երկնքին օգտագործելով ոչ ավելին քան իրենց անզեն աչքն ու հեռադիտակ, բայց ավելի նվիրված սիրողական աստղագետները օգտագործում են դյուրակիր աստղադիտակներ՝ իրենց մասնավոր կամ խմբային աստղադիտարաններում։ Սիրողական աստղագետները կարող են նաև միանալ որպես սիրողական աստղագիտական ընկերությունների անդամներ, որոնք կարող են նրանց խորհուրդ տալ, կրթել կամ ուղղորդել դեպի երկնային օբյեկտներ գտնելու և դիտելու ուղիները։ Դրանք կարող են նաև խթանել աստղագիտության տարածումը լայն հասարակության շրջանում։