Սննդի գներ
From Wikipedia, the free encyclopedia
Սննդի գներ, վերաբերում են սննդամթերքի գների միջին մակարդակին տարբեր երկրներում, տարածաշրջաններում և համաշխարհային մասշտաբով[1]։ Սննդամթերքի գներն ազդում են սննդամթերք արտադրողների և սպառողների վրա։
Գների մակարդակը կախված է սննդամթերքի արտադրության գործընթացից, ներառյալ սննդամթերքի շուկայավարումը և սննդի բաշխումը։ Պարենային ապրանքների գների տատանումները պայմանավորված են մի շարք բարդ գործոններով[2]։ Աշխարհաքաղաքական իրադարձություններ, համաշխարհային պահանջարկ, փոխարժեքներ[3], կառավարության քաղաքականությունը, հիվանդությունները և բերքատվությունը, էներգիայի ծախսերը, գյուղատնտեսության համար բնական ռեսուրսների առկայությունը[4], սննդի սպեկուլյացիա[5][6][7], հողի օգտագործման և եղանակային իրադարձությունների փոփոխություններն ուղղակիորեն ազդում են սննդամթերքի գների վրա[8]։
Պարենային ապրանքների գների տատանումների հետևանքները բազմաթիվ են․ պարենային ապրանքների գների աճը կամ ագֆլյացիան վտանգում է պարենային անվտանգությունը՝ հատկապես զարգացող երկրների համար և կարող է առաջացնել սոցիալական անկարգություններ[9][10][11]։ Պարենային ապրանքների գների բարձրացումը կապված է սննդակարգի որակի և առողջության անհավասարության հետ[12], հատկապես խոցելի բնակչության շրջանում, ինչպիսիք են կանայք և երեխաները[13]։
Պարենային ապրանքների գները միջինում կշարունակեն աճել տարբեր պատճառներով։ Աշխարհի աճող բնակչությունը ավելի մեծ ճնշում կգործադրի առաջարկի և պահանջարկի վրա։ Կլիմայի փոփոխությունը կուժեղացնի եղանակային ծայրահեղ իրադարձությունները, ներառյալ երաշտը, փոթորիկը և հորդառատ անձրևը, իսկ ջերմաստիճանի ընդհանուր աճը կազդի սննդի արտադրության վրա[14]։
Որոշակի չափով գների անբարենպաստ միտումները կարող են հակազդել պարենային քաղաքականությանը։
Սննդամթերքի կորուստը կամ թափոնները նվազեցնելու համար միջամտությունը, եթե բավականաչափ մեծ է, կազդի մատակարարման շղթայի վերևում և ներքևում գտնվող գների վրա՝ համեմատած այն վայրի վրա, որտեղ տեղի է ունեցել միջամտությունը[15]։ «Բոլոր պարենային ապրանքների ՍԳԻ-ն (Սպառողական գների ինդեքսը) 2022 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի օգոստոսն աճել է 0,8 տոկոսով, իսկ պարենային ապրանքների գները 11,4 տոկոսով բարձր են եղել, քան 2021 թվականի օգոստոսին»[16]։