Վեներան ու երաժիշտը
From Wikipedia, the free encyclopedia
«Վեներան ու երաժիշտը» (անգլ.՝ Venus and Musician), վենետիկյան Վերածննդի ժամանակաշրջանի նկարիչ Տիցիանի ու վերջինիս արվեստանոցի կողմից ստեղծված կտավների շարք, որոնք հայտնի են բազմաթիվ այլ անուններով՝ «Վեներան երգեհոնահարի հետ», «Վեներան լյուտնյահարի հետ» և այլն[1]։ Տարբերակների մեծ մասի ձախ կողմում պատկերված է փոքրիկ երգեհոն նվագող տղամարդ, մնացած մասում՝ լյուտնյա է նվագվում։ Բարձի վրա հենված Վեներան փոքրիկ ընկերակիցներ ունի՝ շատ տարբերակներում՝ կուպիդոն, որոշ տարբերակներում՝ շնիկ, իսկ բեռլինյան տարբերակում առկա են երկուսն էլ[2]։ Կտավները թվագրվում են սկսած 1540-ական թվականների վերջով։
Տիցիանի կտավներից շատերը մի քանի տարբերակներ ունեն, հատկապես մերկ դիցաբանական թեմաներով կտավները։ Ավելի ուշ շրջանի տարբերակներն ամբողջությամբ կամ մեծամասամբ պատկանում են նրա արվեստանոցին, որոնցում Տիցիանի անձնական ներդրման աստիճանն անորոշ է ու ենթակա քննարկման։ «Վեներան ու երաժիշտը» կտավի բոլոր տարբերակները յուղաներկ են, ունեն երկու համամասնություն ու չափս, որոնցից երգեհոնահարով տարբերակներն ավելի լայն են[3]։
Ընդհանուր առմամբ միայն Տիցիանին վերագրվող հինգ տարբերակներից Մադրիդում գտնվող երկուսում և Բեռլինում գտնվող մեկում պատկերված է երգեհոնահար, իսկ Քեմբրիջում և Նյու Յորքում գտնվողներում՝ լյուտնյահար[4]։ Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահում գտնվող մեկ այլ տարբերակ պակաս բարձր է գնահատվում, քանի որ այնտեղ երաժիշտը բացակայում է, պատկերված են միայն կուպիդոնը և մահճակալի ոտքի մոտ սև ու սպիտակ մի շուն, որը նայում է եզրապատին կանգնած կաքավին[5]։
Կտավի բոլոր տարբերակներում Վեներայի մահճակալը գտնվում է լոջիայում կամ ցածր եզրապատով մեծ բաց պատուհանի դիմաց։ Վեներան պատկերված է ամբողջ հասակով՝ բարձերին հենված։ Երաժիշտը նստած է մահճակալի ծայրին, մեջքով դեպի Վեներան, բայց շրջված նայում է նրան։ Դրան ի հակադրություն՝ Վեներան նայում է աջ։ Երաժիշտը կրում է 16-րդ դարին բնորոշ հագուստ և գոտու մեջ դաշույն ունի։ Կտավի վերին ձախ անկյունը ծածկված է լայն կարմիր վարագույրով, իսկ ավելի նեղ տարբերակներում այն ծածկում է վերին աջ անկյունը։ Դրսում երևում է երկու ձևով պատկերված լայն բնատեսարան։ Պրադոյում գտնվող երկու տարբերակներում պալատի այգում պատկերված են ծառաշարեր ու ցայտաղբյուր։ Մյուս տարբերակներում դեպի հեռավոր լեռները տանող ավելի բաց բնապատկեր է պատկերված[6]։