Փտախտ
From Wikipedia, the free encyclopedia
Փտախտ (գանգրենա), հյուսվածքի մահվան տեսակ, որն առաջանում է արյան մատակարարման խանգարման հետևանքով[3]։ Ախտանիշները ներառում են մաշկի գույնի փոփոխություն՝ կարմիր կամ սև, թմրածություն, այտուցվածություն, ցավ, մաշկի քայքայում և սառնություն[2]։ Հիմնականում ախտահարվում են ձեռքերն ու ոտքերը[2]։ Որոշ տեսակների դեպքում կարող են առկա լինել նաև տենդ և սեպսիս[2]։
Փտախտ | |
---|---|
Ոտքի մատերի չոր փտախտ, որպես հետևանք ծայրամասային զարկերակային հիվանդության | |
Տեսակ | Չոր, թաց, գազային, ներքին, մեռուկացնող ֆասցիիտ[1] |
Հիվանդության ախտանշաններ | Մաշկի գույնի փոփոխություն՝ կարմիր կամ սև, թմրածություն, ցավ, մաշկի քայքայում, սառնություն[2] |
Բժշկական մասնագիտություն | Ինֆեկցիոն հիվանդություններ, վիրաբուժություն |
ՀՄԴ-9 | 040.0 և 785.4 |
ՀՄԴ-10 | R02, I70.2, E10.2 և I73.9 |
Հոմանիշներ | Գանգրենա, գանգրենոզ նեկրոզ, գանգրենոզ մեռուկ |
Ռիսկի գործոններ | Շաքարային դիաբետ, ծայրամասային զարկերակային հիվանդություն, ծխախոտ, խոշոր տրավմա, հարբեցողություն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ցրտահարություն, Ռեյնոյի համախտանիշ[1][3] |
Բուժում | Հակաբիոտիկներ, վիրահատություն[4] |
Բարդություններ | Սեպսիս, ամպուտացիա[2][5] |
Հանդիպման հաճախականություն | Անհայտ[5] |
Gangrene Վիքիպահեստում |
Ռիսկի գործոններն են՝ շաքարային դիաբետ, ծայրամասային զարկերակային հիվանդություն, ծխախոտի օգտագործում, խոշոր տրավմա, հարբեցողություն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ցրտահարություն, Ռեյնոյի համախտանիշ[1][3]։ Տարբերակում են չոր փտախտ, թաց փտախտ, գազային փտախտ, ներքին փտախտ և մեռուկացնող ֆասցիիտ[1]։ Ախտորոշումը հիմնականում կատարվում է ախտանիշների հիման վրա, ինչին կարող են օգնել նաև տարբեր վիզուալիզացնող հետազոտություններ[6]։
Բուժումը պետք է ներառի վիրահատություն՝ մեռուկացած հյուսվածքները հեռացնելու համար, հակաբիոտիկներ, եթե կա որևէ ինֆեկցիա, և հիմնական պատճառի վերացմանն ուղղված միջոցառումներ[4]։ Վիրահատական միջամտությունները կարող են ներառել մասնահատում, ամպուտացիա, կամ թրթուրաբուժություն[4]։ Հիմնական պատճառը վերացնելու համար կարող են կիրառվել շրջանցող վիրահատություններ (շունտավորում) կամ անգիոպլաստիկա[4]։ Որոշ դեպքերում հիպերբարիկ օքսիգենացիան կարող է օգտակար լինել[4]։ Չկան տվյալներ հիվանդության հանդիպման հաճախականության վերաբերյալ[5]։