Քաշմիրի հակամարտություն
From Wikipedia, the free encyclopedia
Քաշմիրի հակամարտություն, տարածքային հակամարտություն է Քաշմիրի տարածաշրջանի համար հիմնականում Հնդկաստանի և Պակիստանի միջև, ինչպես նաև՝ Չինաստանի և Հնդկաստանի միջև տարածաշրջանի հյուսիսարևելյան հատվածում[1][2]։ Հակամարտությունը սկսվել է 1947 թվականին Հնդկաստանի բաժանումից հետո, քանի որ և՛ Հնդկաստանը, և՛ Պակիստանը հավակնում էին Ջամմու և Քաշմիրի նախկին իշխանապետությանը։ Տարածաշրջանի շուրջ վեճը վերաճել է Հնդկաստանի և Պակիստանի միջև երեք պատերազմի, ինչպես նաև մի քանի այլ զինված բախումների։ Հնդկաստանը վերահսկում է տարածաշրջանի ցամաքային տարածքի մոտավորապես 55%-ը, որը ներառում է Ջամմուն, Քաշմիրի հովիտը, Լադախի մեծ մասը, Սիաչեն սառցադաշտը[3][4] և նրա բնակչության 70%-ը։ Պակիստանը վերահսկում է ցամաքային տարածքի մոտավորապես 30%-ը, որը ներառում է Ազադ Քաշմիրը և Գիլգիթ Բալթիստանը։ Չինաստանը վերահսկում է հողատարածքի մնացած 15%-ը, որն ընդգրկում է Աքսայչին շրջանը, մեծամասամբ անմարդաբնակ Տռանս-Կարակորում հովիտը և Դեմչոկ հատվածի մի մասը[3][Ն 1]։
Հնդկաստանի բաժանումից և նահանգի արևմտյան շրջաններում ապստամբությունից հետո Պակիստանի ցեղային աշխարհազորայինները ներխուժել են Քաշմիր՝ առաջնորդելով Ջամմուի և Քաշմիրի հինդու տիրակալին միանալ Հնդկաստանին[9]։ Արդյունքում առաջացած Պակիստանա-հնդկական պատերազմն ավարտվել է ՄԱԿ-ի միջնորդությամբ հրադադարով այն գծի երկայնքով, որն ի վերջո կոչվել է Վերահսկողության գիծ[10][11]։ 1962 թվականին Չինաստանը ներխուժել և պատերազմ է մղել Հնդկաստանի հետ վիճելի հնդկա-չինական սահմանի երկայնքով, ներառյալ Հնդկաստանի կողմից կառավարվող Լադախում, որով նշանավորվեց նրանց մուտքը Քաշմիրի հակամարտություն[12]։ 1965 թվականին Պակիստանը փորձել է ներթափանցել Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիր՝ այնտեղ ապստամբություն հրահրելու համար, ինչի արդյունքում երկու երկրները սկսել են կռիվ տալ տարածաշրջանի համար։ 1971 թվականի պատերազմի ընթացքում ծագած հետագա մարտերից հետո Շիմլայի համաձայնագիրը պաշտոնապես հաստատել է վերահսկողության գիծը Հնդկաստանի և Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների միջև[13][14]։ 1999 թվականին Կարգիլում կրկին զինված հակամարտություն է բռնկվել երկու երկրների միջև՝ չազդելով ստատուս քվոյի վրա[15]։
1989 թվականից ի վեր Քաշմիրում բողոքի շարժումներ են ստեղծվել՝ բարձրաձայնելու Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրի հովտում Հնդկաստանի կառավարության հետ Քաշմիրի վեճերն ու դժգոհությունները[16][17]։ Քաշմիրի մի շարք անջատողականներ զինված հակամարտություն են սկսել Հնդկաստանի կառավարության դեմ՝ հիմնված ինքնորոշման պահանջի վրա[16][17][18][19][20]։ Ապստամբների կողմից նպատակաուղղված բռնությունը 1990-ական թվականների սկզբին հանգեցրել է Քաշմիրի հինդուների լայնածավալ գաղթին Քաշմիրի հովտից[21]։ 2010-ական թվականները նշանավորվել են Քաշմիրի հովտում բռնկվող հետագա անկարգություններով[22]։ 2010 թվականի Քաշմիրում անկարգություններ են սկսվել տեղի երիտասարդության և անվտանգության ուժերի միջև ենթադրյալ կեղծ հանդիպումից հետո։ Հազարավոր երիտասարդներ քարերով հարվածել են անվտանգության ուժերին, այրել կառավարական գրասենյակները և հարձակվել երկաթուղային կայարանների և ծառայողական մեքենաների վրա՝ շարունակաբար ուժեղացնելով բռնությունը[23]։ Հնդկաստանի կառավարությունը 2010 թվականի բողոքի ցույցերը հրահրելու համար մեղադրել է անջատողականներին և Պակիստանում գործող Լաշքար-է-Թայբա գրոհայիններին[24]։ 2016 թվականին Քաշմիրում հնդկական անվտանգության ուժերի կողմից անկարգություններ են բռնկվել Հիզբուլ մոջահիդի իսլամիստական ռազմական կազմակերպության զինյալ Բուրհան Վանիի սպանությունից հետո[25]։ Հետագա անկարգությունները տարածաշրջանում բռնկվել են 2019 թվականի Պուլվամայի հարձակումից հետո[26]։
Ըստ գիտնականների՝ հնդկական ուժերը մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ և ահաբեկչական գործողություններ են իրականացրել Քաշմիրի քաղաքացիական բնակչության նկատմամբ, այդ թվում՝ արտադատական սպանություններ, բռնաբարություններ, խոշտանգումներ և բռնի անհետացումներ[19][27][28]։ Համաձայն «Amnesty International»-ի՝ Ջամմու և Քաշմիրում տեղակայված հնդիկ զինվորականներից ոչ մի անդամ 2015 թվականի հունիսից ի վեր քաղաքացիական դատարանում չի դատվել մարդու իրավունքների խախտման համար, թեև ռազմական դատեր անցկացվել են[29]։ «Amnesty International»-ը նաև մեղադրել է Հնդկաստանի կառավարությանը տարածաշրջանում չարաշահումներ իրականացրած մեղավորներին քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մեջ[30]։ Ավելին, Ազադ Քաշմիրում եղել են մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր, ներառյալ քաղաքական բռնաճնշումներ և բռնի անհետացումներ, բայց չսահմանափակվելով վերը թվարկվածներով[31]։ Ասիայի «Human Rights Watch»-ի տնօրեն Բրեդ Ադամսը 2006 թվականին ասել է. «Չնայած «Ազադ» նշանակում է «ազատ», Ազադ Քաշմիրի բնակիչներին կարելի է նկարագրել ցանկացած բառով, բացի ազատից։ Պակիստանի իշխանությունները կառավարում են Ազադ Քաշմիրը հիմնարար ազատությունների խիստ վերահսկողությամբ»[32]։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Քաշմիրի վերաբերյալ հրապարակել է երկու զեկույց «Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիրում և Պակիստանի կողմից կառավարվող Քաշմիրում մարդու իրավունքների իրավիճակի» մասին։