Քրիստոնեության ընդունումը Լեհաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոնեության ընդունումը Լեհաստանում (լեհ.՝ chrystianizacja Polski), հայտնի է նաև որպես Լեհաստանի մկրտություն[1] կամ Լեհաստանի քրիստոնեացում, 10-րդ դարի վերջին Լեհաստանում քրիստոնեական ուսմունքի տարածումն ու հետագայում ընդունումը որպես պետական կրոն[2]։ Լեհաստանի քրիստոնեացման գործընթացը սկսվել է 966 թվականին, երբ հին լեհական պետության հիմնադիր և հստակորեն թվագրվող առաջին արքա Միեշկո I-ը մկրտվում է որպես «քրիստոնյա արքա»[3]։ Մկրտության արարողությունը տեղի է ունենում 966 թվականի ապրիլի 14-ին՝ արևելյան ուղղափառ եկեղեցիներում նշվող Սուրբ շաբաթ օրը։ Այնուամենայնիվ, քրիստոնեության ընդունման ամսաթիվ նման հստակեցումը բազմաթիվ պատմաբանների միջև վեճի և հակասությունների առարկա է[4]։ Քրիստոնեության ընդունման Միեշկոյի որոշման վրա մեծապես ներազդել է իր կինը՝ Բոհեմիայի արքայադուստր Դոմբրուվկան, ով Չեխիայի քրիստոնեացումից հետո մեջ ջանքեր է գործադրում Լեհաստանում ևս նոր կրոնի և դրա բարոյական արժեքների հաստատման ուղղությամբ[5]։
Քրիստոնեության ընդունումը հեռահար քայլ էր Միեշկոյի կողմից, որի շնորհիվ վերջինս նպատակ ուներ եվրոպական համընդհանուր քրիստոնեական արժեհամակարգերի կրող դառնալով վերածվել դառնալ միջնադարյան Եվրոպայի նշանավոր կենտրոններից մեկը։ Այսպիսով՝ քրիստոնեության ընդունումից հետո Լեհաստանի թագավորությունը սերտ դաշնակցային հարաբերություններ է հաստատում Սաքսոնիայի հետ և ապա որպես անկախ պետություն ճանաչվում պապականության և գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրության կողմից[6]։ Որոշ ուսումնասիրողներ պնդում են, որ քրիստոնեության ընդունմամբ Լեհաստանը սկիզբ է դնում իր պետականության պատմությանը։ Ինչպես Արևելյան Եվրոպայի մյուս ազգային պետություններում (Կիևյան Ռուսիա, Բոհեմիայի թագավորություն, Բուլղարիա, Սերբիա), այնպես էլ Լեհաստանում, նոր կրոնը սկզբնական շրջանում տեղ է գտնում արքունի վերնախավի շրջանում և ժամանակի ընթացքում միայն դառնում հասարակական լայն շրջանակների կողմից դավանվող կրոն։