Օփիոիդային գերդոզավորում
From Wikipedia, the free encyclopedia
Օփիոիդային գերդոզավորում, թունավորում ափիոնանման նյութերի (օփիոիդներ) հավելյալ քանակներով[1][2]։ Ափիոնանման նյութերից են մորֆինը, հերոինը, ֆենտանիլը, տրամադոլը և մեթադոնը[3][4]։ Թունավորման ախտանիշներից են շնչառության ընկճումը, փոքր բբերը և անգիտակից վիճակը[3]։ Ախտանիշների առաջացման սկիզբը կախված է օփիոիդների ընդունման ուղուց[5]։ Մահ չառաջանալու դեպքում հնարավոր դիտվող բարդություններից են ռաբդոմիոլիզը, թոքերի այտուցը, կոմպարտմենտ համախտանիշը և գլխուղեղի մնայուն վնասումը[2][6]։
Օփիոիդային գերդոզավորում | |
---|---|
Տեսակ | մահվան պատճառ |
Հիվանդության ախտանշաններ | շնչառության ընկճում, փոքր բբեր, գիտակցության կորուստ |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն և կախվածությունների բժշկություն |
ՀՄԴ-10 | T40.0, T40.1 և T40.2 |
Ռիսկի գործոններ | օփիոիդային կախվածություն, օփիոիդների ներարկման ձևով օգտագործում, բարձր դոզաներով օգտագործում, հոգեկան խանգարման առկայություն, զուգահեռ օգտագործումը ալկոհոլի, բենզոդիազեպինների կամ կոկոաինի հետ միասին |
Ախտորոշում | հիմնվում է ախտանիշների վրա |
Բարդություններ | ռաբդոմիոլիզ, թոքերի այտուց, կոմպարտմենտ համախտանիշ և գլխուղեղի մնայուն վնասում |
Ափիոնանման նյութերով Գերդոզավորման առաջացման ռիսկի գործոններից են օփիոիդային կախվածությունը, օփիոիդների ներարկման ձևով օգտագործումը, բարձր դոզաներով օգտագործումը, հոգեկան խանգարման առկայությունը, զուգահեռ օգտագործումը ալկոհոլի, բենզոդիազեպինների կամ կոկոաինի հետ միասին[3][7][8]։ Օփիոիդները օգտագործվում են քրոնիկ, սաստիկ ցավը բուժելու համար՝ դեղատոմսի պարտադիր առկայությամբ[3]։ Գերդոզավորման ախտորոշումը գլխավորապես հիմնվում է ախտանիշների վրա[2]։
Առաջնայնորեն կարևոր է շնչառության և թթվածնամատակարարման ապահովումը[9]։ Այնուհետև տրվում է նալոքսոն՝ օփիոիդային ազդեցությունը վերացնելու համար[2][9]։ Նալոքսոնի օգտագործման թե՛ ներքթային, թե՛ միջմկանային ուղիները հավասար չափով արդյունավետ են[10]։ Բացասական ելքի ռիսկը ցածր է կարճ ժամանակամիջոցի համար, սակայն հիվանդանոց դիմել հրաժարվողների շրջանում դիտվում է հակարակ պատկեր[10]։ Գերդոզավորումից առաջացող մահվան կանխարգելմանն ուղղված միջոցներ են նալոքսոնի հասանելիության բարձրացումը և օփիոիդային կախվածության բուժումը[3]։
Օփիոիդների օգտագործումով պայմանավորված խանգարումները հանգեցրել են 122,000 մահվան 2015 թ․-ին ողջ աշխարհում, մինչդեռ 1999թ․-ի տվյալներով գրանցվել է 18,000 մահ[11]։ ԱՄՆ-ում ավելի քան 49,000 մահվան դեպք կապված է եղել օպիոիդների օգտագործման հետ՝ 2017թ․-ի տվյալներով[8]։ Որոնցից 20,000-ը պայմանավորված են եղել դեղատոմսով նշանակված օփիոիդներով գերդոզավորմամբ, իսկ 16,000 դեպքերում առկա է եղել հերոինի օգտագործում[8]։ 2017թ․-ի տվյալներով ԱՄՆ-ում օփիոիդային գերդոզավորումից առաջացած մահվան դեպքերը կազմել են մնացած բոլոր դեղամիջոցներով գերդոզավորումից մահվան դեպքերի 65%-ը[8]։ 1990-ականներին օփիոիդային համաճարակը մասամբ պայմանավորված էր դեղագործական ըներությունների այն հավաստիացմամբ, որ օփիոիդների դեղատոմսով կիրառումը անվտանգ է[4]։