Ֆրենկ Սինատրա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիս Ալբերտ Սինատրա (անգլ.՝ Frank Sinatra, դեկտեմբերի 12, 1915(1915-12-12)[1][2][2][…], Հոբոկեն, Նյու Ջերսի - մայիսի 14, 1998(1998-05-14)[1][2][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա[3]), ամերիկացի երգիչ, դերասան։ Երաժշտական կարիերան սկսել է Հերրի Ջեյմսի և Թոմի Դորսի ստեղծագործական գործունեության ծաղկուն շրջանում։ Աննախադեպ հաջողության է հասել 1940-ականների սկզբներին Columbia Records-ում ձայնագրվելուց հետո։ Առաջին ալբոմը թողարկել է 1946 թվականին։ Սինատրայի պրոֆեսիոնալ կարիերան անկում է ապրում 1950-ականների սկզբին, սակայն 1953 թվականին «From Here to Eternity» (Այստեղից մինչև հավերժություն) երգի համար նվաճած ակադեմիական մրցանակը նոր կյանք է տալիս նրա գործունեությանը։
1953 թվականին ձայնագրվելով Capitol Records-ում՝ Սինատրան թողարկում է մի քանի ալբոմ, որից հետո սկսվում են նրա միջազգային հյուրախաղերը։ 1961 թվականին նա հիմնում է Reprise Records անվանումը կրող իր ձայնագրման ստուդիան։ Այստեղ հաջողությամբ ձայնագրվում են երգչի մի շարք ալբոմներ (Ring-a-Ding-Ding!, Sinatra at the Sands and Francis Albert Sinatra & Antonio Carlos Jobim)։ Լինելով Rat Pack դերասանական խմբի հիմնադիր անդամ՝ Սինատրան մտերմություն է անում հանրաճանաչ անձանց և պետական գործիչների (այդ թվում՝ Ջոն Քենեդու) հետ։ 1965 թվականին, հիսունամյակը բոլորելուն պես, Սինատրան թողարկում է իր «September of My Years» (Իմ տարիների սեպտեմբերը) ալբոմը։ Նույն թվականին նա նկարահանվում է "Ֆրանկ Սինատրա. մարդը և իր երաժշտությունը" հեռուստաֆիլմում, որը հետագայում արժանանում է Էմմի մրցանակի։ Սինատրայի "A Man and His Music" ("Մարդը և նրա երաժշտությունը") և "Strangers in the Night" ("Անծանոթները գիշերվա մեջ") երգերը դառնում են հաջողված հիթեր։ 1971 թվականին Սինատրան հեռանում է ասպարեզից, սակայն երկու տարի անց՝ 1973 թվականին, վերսկսկելով իր գործունեությունը, նա թողարկում է նոր ալբոմներ։ Մինչև իր մահը (1998 թ.) Սինատրան հասցնում է իրականացնել ևս մի քանի հյուրախաղեր (ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ արտերկրում)։
Սինատրան նաև հաջողակ կինոդերասան էր։ 1953 թվականին նա ներկայացվել է Օսկար մրցանակի Լավագույն դերասան անվանակարգում՝ "Ոսկե թևերով տղամարդը" ֆիլմի համար։ Սինատրան որպես գլխավոր դերակատար հանդես է եկել "Բարձր հասարակություն", "Փոլ Ջոյ", "Քաղաքի մասին", "Այսուհետև և դարեդար" ֆիլմերում։ Նա բազմիցս եղել է նաև Գրեմիի մրցանակակիր։