Գիտություն
մարդու ճանաչողական գործունեության ոլորտ, որը ծառայում է իրականության, առարկայի կամ երևույթների մասին իրատեսական գիտելիքների համակարգման / From Wikipedia, the free encyclopedia
Գիտություն, ճանաչողական գործունեության հատուկ տեսակ՝ ուղղված բնության, հասարակության և մտածելակերպի վերաբերյալ օբյեկտիվ, համակարգված և հիմնավորված գիտելիքների ստացմանը, ճշտմանը և ստեղծմանը։ Այս գործունեության հիմքը գիտական փաստերի հավաքածուն է, նրանց պարբերաբար թարմացումը և համակարգումը, կրիտիկական վերլուծությունը և այդ հիմքի վրա նոր գիտական գիտելիքների սինթեզը կամ ամփոփումը գիտնականների կողմից, որոնք ոչ միայն բնութագրում են դիտարկվող բնական կամ հասարակական երևույթները, այլ նաև թույլ են տալիս կառուցել պատճառահետևանքային կապեր, և որպես հետևանք՝ կանխատեսել։ Այն ճշգրիտ բնագիտական տեսությունները և հիպոթեզները, որոնք հիմնավորվում են փաստերով և փորձերով, ձևավորում են բնության կամ հասարակության օրենքները։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիտություն (այլ կիրառումներ)
Լայն իմաստով գիտությունը ներառում է գիտական գործունեության բոլոր պայմաններն ու բաղադրիչները.
- գիտական աշխատանքի բաժանում և կոոպերացում
- գիտական հաստատություններ, փորձարարական և լաբորատոր սարքավորումներ
- գիտահետազոտական աշխատանքի մեթոդներ
- հասկացությունների ապարատ և կատեգորիաների ապարատ
- գիտական տեղեկատվության համակարգ
- ինչպես նաև նախկինում կուտակված ամբողջ գիտական գիտելիքները։