Հետախուզություն
From Wikipedia, the free encyclopedia
Հետախուզություն, թշնամու զորքերի (կամ մրցակցի) վիճակի, գործողությունների և մտադրությունների, ինչպես նաև տեղանքի, ճառագայթային, քիմիական իրադրության և այլնի մասին տվյալներ հավաքելու միջոցառումների ամբողջությունը, որն անհրաժեշտ է հակառակորդին բազմակողմանիորեն գնահատելու և ճիշտ որոշում ընդունելու, իր անվտանգությունն ապահովելու և նրա նկատմամբ առավելության հասնելու համար ռազմական ուժերի, ռազմական գործողությունների, քաղաքականության կամ տնտեսության բնագավառում։ Կազմակերպում է ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային և հակաօդային պաշտպանության զորատեսակների հրամանատարությունը։ Հետախուզության միջոցների և ձևերի զարգացումը սերտորեն կապված է պատերազմավարության միջոցների և ռազմական գործողությունների փոփոխման հետ։ Դրանց կատարելագործման համեմատ հետախուզության նշանակությունը անընդհատ մեծացել է։
Հետախուզությունը կարող է օգտագործել ինֆորմացիայի հավաքման ինչպես օրինական (օրինակ՝ բաց աղբյուրների տվյալների հավաքում և վերլուծություն, արտասահմանյան ռադիոկայանների ունկնդրում, հետախուզական արբանյակների օգնությամբ հետևում), այնպես էլ անօրինական միջոցներ, որոնք վերաբերում են «լրտեսության» և «ինֆորմացիայի գողության» ոլորտներին։
Թշնամու հետախուզության դեմ պայքարը կոչվում է հակահետախուզություն։