Հնդկական խոհանոց
From Wikipedia, the free encyclopedia
Հնդկական խոհանոց Հնդկաստանի ժողովուրդների խոհանոց։ Այն իր մեջ ներառում է մեծաթիվ ժողովուրդների ավանդական խոհանոցները, որոնք բնակվում են Հնդկաստանի տարածքում։ Դրանք շատ տարբեր են՝ կապված տարածքի բուսականության, եղանակի և մշակույթի հետ։ Ճաշատեսակների պատրաստման համար օգտագործվում են համեմունքներ, խոտեր, բանջարեղեններ և մրգեր։ Ավանդական խոհանոցի վրա մեծ ազդեցություն են ունեցել կրոնն ու ավանդույթները։ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի խոհանոցն իրենց ազդեցությունն են թողել հյուսիսային Հնդկաստանի խոհանոցի վրա։
Այնպիսի պատմական իրադարձություններ, ինչպիսիք են այլ ազգերի կողմից Հնդկաստանի նվաճումը, համաշխարհային առևտուրը և Հնդկաստանի գաղութացում, հնդկական խոհանոցում նոր մթերքներ են ավելացրել։ Օրինակ կարտոֆիլը, որը ներկայումս Հնդկաստանի որոշ շրջաններում հիմնական ուտելիք է հանդիսանում բերվել է պորտուգալացիների կողմից՝ կարմիր պղպեղի և հացի հետ։ Հնդկական խոհանոցը ազդեցություն է ունեցել նաև այլ երկրների խոհանոցի վրա, օրինակ աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակ հնդկական համեմունքները հասել են Եվրոպա։ Հնդկաստանից համեմունքներ են սկսել գնել եվրոպական և ասիական պետությունները։ Հնդկական խոհանոցն իր ազդեցությունն է ունեցել նաև Միջին Արևելքի, Հյուսիսային Ամերիկայի, Աֆրիկայի Կարիբյան ավազանի երկրների վրա։