Ճահիճ
From Wikipedia, the free encyclopedia
Ճահիճ, երկրի մակերևույթի ջրային գոյացություն, որտեղ ջրային ռեժիմը դրական է՝ ջուրը ավելի շատ ներթափանցում է, քան հեռանում։ Դրա հետևանքով ճահիճներում կա խոնավության մշտական ավելցուկ։ Ճահիճների հատակը հարուստ է օրգանական վառելիքով՝ տորֆով։ Ճահիճները առավելապես տարածված են Հյուսիսային կիսագնդի տարածքում, անտառներում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճահիճ (այլ կիրառումներ)
Ճահիճը ցամաքային էկոհամակարգի տիպ է, որը բնութագրվում է ավելցուկային խոնավությամբ, վերին հորիզոններում մեռած ու չքայքայված բուսական մնացորդների (հետագայում փոխակերպվում են տորֆի) կուտակմամբ։ Տորֆաշերտի 30 սմ-ից ոչ պակաս հզորության դեպքում տեղանքը կոչվում է ճահիճ, պակասի դեպքում՝ ճահճացած հողեր։ Ճահիճներն առաջանում են ջրավազանների բուսակալման կամ մակերևութային ջրերի լճացման (երբ ստորերկրյա ջրերի մակարդակը մոտենում է Երկրի մակերևույթին) հետևանքով։ Ճահիճում դժվար գազափոխանակության պատճառով օրգանական նյութերը դանդաղ են քայքայվում, հողում հումուս չի կուտակվում և դժվարանում է բուսականության զարգացումը։